Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել և Ազգային ժողով ու Կառավարություն է ուղարկել օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև գրքերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ազատել ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնություններ չտարածել ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքող, բռնություն կամ պատերազմ քարոզող, ինչպես նաև պոռնկագրական նյութերի վաճառքի նկատմամբ։
Ներկայիս կարգավորումներով ԱԱՀ-ից ազատման արտոնություններ սահմանված են դպրոցական գրքերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, բայց ոչ գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական կամ այլ բովանդակությամբ տպագիր կամ էլեկտրոնային գրքերի համար։
«Առաջարկվող փոփոխությունը կարևոր խթան կհանդիսանա գրքերի տպագրության ծավալների ընդլայնման և տպագիր կամ էլեկտրոնային գրքերի գների նվազեցման համար։ Նման փոփոխության համար հիմք է հանդիսացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի միջազգային փորձի ուսումնասիրությունը:
Ազգային ժողով և Կառավարություն, մասնավորապես, ուղարվել են նախագծերը, դրանց ընդունման հիմնավորումները և ամփոփաթերթերը՝ սահմանված կարգով ընթացք տալու համար»,- ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ: