Հայաստանը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Բաքվի իրականացրած պատերազմական հանցագործությունների փաստերով:
Փետրվարի 1-ին Ադրբեջանը Եվրոպական դատարանին պետք է ներկայացներ պատանդ պահվող հայ գերիների մասին մանրամասն տեղեկություն, սակայն Բաքուն այս անգամ էլ լռեց, թաքցրեց ոչ միայն հայ գերիների իրական թիվը, այլև այն մարդկանց մասին ինֆորմացիան, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը կիրառել էր միջանկյալ միջոց:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Դատարանի կողմից ֆիքսվել է` եթե այդպես շարունակվի, գործը փոխանցվելու է Նախարարների կոմիտեի օրակարգ:
Հարցը Նախարարների կոմիտե փոխանցելու դեպքում, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գնահատմամբ՝ հնարավոր է ավելի ուժեղացնել քաղաքական ճնշումները Ադրբեջանի նկատմամբ:
Եղիշե Կիրակոսյան - Այդտեղ մասնակցում են տարբեր պետությունների ներկայացուցիչներ և հղում են հարցեր, և, պարզ է, դառնում է օրակարգային հարց: Մեր ապացույցներով, բացի տրամադրածից, ապացույցներ կան, որոնց մասին ինֆո չկա: Դատարանը որպես օժանդակ միջոց է, որով փորձում են օժանդակել գերիների վերադարձին՝ պրոցեսը արագացնել կամ մինչև վերադարձը ստեղծել լրացուցիչ երաշխիքներ նրանց կյանքի համար:
Արդեն իսկ ներկայացված փաստերին զուգահեռ Հայաստանի Կառավարությունը լրացուցիչ ապացույցներ կտրամադրի Եվրոպական դատարանին: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում ակնկալում են առաջիկա ամիսներին Եվրոպական դատարանից լրացուցիչ տեղեկություն իմանալ Ադրբեջանում հայ ռազմագերիների և պատանդ պահվող այլ անձանց մասին: