Պետական պարտքի վարքագիծը պետական բյուջեի և հարկաբյուջետային քաղաքականության հետևանք է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ խոսելով պետական պարտքի մասին: Նա նշեց, որ երկիրը, որն ունի պետբյուջեի դեֆիցիտ, չի կարող մտածել պետական պարտքի՝ բացարձակ թվով նվազման մասին, դա հնարավոր է միայն 0 դեֆիցիտի դեպքում, սակայն, ըստ նրա, նման քաղաքականություն Կառավարությունը չի վարել և, ամենայն հավանականությամբ, չի վարի: Հայաստանը, Ջանջուղազյանի խոսքով, մինչև 2019-ը գնահատվել է նվազ պարտք ունեցող երկիր, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, թե պետք է մտնել ռիսկերի տակ և մեծացնել պարտքը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ նպատակահարմար էր 250 միլիոն դոլարով ավելի պարտատոմս ներգրավվել, քան ի սկզբանե նախատեսված էր բյուջեով:
Նշենք, որ Հայաստանի Կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում, թողարկվել է 750 միլիոն դոլարի պարտատոմս:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, որ կարևոր է դիտարկել նաև մասնավոր հատվածի, խոշոր ընկերությունների և բանկերի հնարավորությունները:
«Այս քայլով բացահայտեցինք շուկայի կոնյունկտուրան, և իրենք նույնպես, կարծում եմ, պետք է ցանկություն ունենան ներգրավվել եվրոբոնդերի տեղաբաշխման միջոցով՝ միջոցներ արտաքին, բաց շուկաներից, և այդ իմաստով այս քայլով մենք իրենց համար իրենց գործի կեսն արդեն արել ենք»,- ասաց Գրիգորյանը:
Վարչապետն էլ ընդգծեց՝ ստացվում է ճանապարհ է բացվել, որ ընկերությունները նպաստավոր պայմաններով նույնպես թողարկեն պարտատոմսեր և ֆինանսական միջոցներ ներգրավվեն: