Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թ. ընդունած ՀՀ օրենքով, որով հիմնականում սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության սկզբունքները և մոտեցումները: Գործող օրենքում ամրագրված մոտեցումները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջազգայնորեն ընդունված սկզբունքներին և մոտեցումներին՝ նշեց նախարարը:
«Մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովված չեն մատչելի պայմաններ, ինչը լուրջ խոչընդոտ է նրանց սոցիալական ներառման համար: Հաշմանդամության հիմքով խտրականությունը ևս խոչընդոտում է սոցիալական ներառմանը: Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, այդ անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության նպատակները»,- նշեց Առաքելյանը:
Գործող օրենսդրության համատեքստում հաշմանդամություն ունեցող անձը դիտարկվում է որպես առողջական խնդիր ունեցող անձ: Չի իրականացվում անձի կարողությունների բազմակողմանի գնահատում, և հաշվի չեն առնվում շրջակա միջավայրի գործոնները, որոնք էական նշանակություն կարող են ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքում լիարժեք գործունեություն իրականացնելու համար:
«Նախագծի կարգավորման նպատակը հաշմանդամության սահմանման մոդելից ֆունկցիոնալության մոդելի անցումն է, որը հնարավորություն է ընձեռելու իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկելու ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության գործող երեք խմբերի փոխարեն սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խոր: Գնահատումը հիմնված է միջազգային գաղափարախոսության և մոտեցումների վրա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ նոր մոտեցումն արդեն իրականացնում են Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած անձանց մասով, այցելում են ու իրականացնում անձանց կարիքների գնահատում:
Նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:
Վարչապետը հավելեց, որ այսպիսի բարեփոխմամբ երկու խնդիր պետք է լուծվի: Առաջինը՝ օգնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ վերագնահատելու իրենց հնարավորությունները՝ կյանքին լիարժեք մասնակցելու բոլորի հետ հավասար պայմաններով: Մյուս կողմից էլ՝ օգնել, որ հանրությունը գնահատի նրանց պոտենցիալը՝ նրանց ներգրավելու երկրի զարգացման գործում: