Կառավարության այսօրվա նիստին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին հարցը:
«Ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ուստի հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը: Հոգեբանական մթնոլորտի առողջացման հրատապությունից և նախանշվող գործողությունների արդյունավետությունից ելնելով՝ ակնկալվում է իրականացվող ծրագրերի համակարգումը, մեթոդաբանությունների մշակումն ու իրականացումը հնարավորինս կենտրոնացնել, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել կատարվող գործընթացների մասին և համընդգրկուն լուծումներ մշակել»,- նշեց նախարարը:
Խնդրի համակարգային լուծման համար ակնկալվում է թիրախավորել հանրության բոլոր շերտերին, սակայն հոգեբանական ծառայությունների տրամադրումը, կախված թիրախային խմբից, տարատեսակ արտահայտումներ կարող է ունենալ։ Խմբերը ձևավորվել են ըստ խնդրի լուծման հրատապության և տրամադրվելիք հոգեբանական օգնության առաջնահերթության։
Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝
-
անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները.
-
գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները.
-
ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները.
-
զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները.
-
ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները.
-
տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).
-
ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):
Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման և լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը:
Նախատեսվող ծառայություններն են՝
-
անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.
-
խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա (մինչև 8 սեանս)՝ 1-1,5 ժամ տևողությամբ.
-
առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն կամ հոգեթերապիա (մինչև 8 սեանս) 1-1,5 ժամ տևողությամբ.
-
հոգեբանների շարժական խմբերի ծառայություն (մինչև 8 սեանս).
-
հոգեբանական թեժ գծի ծառայություն.
-
ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությունը, այդ թվում` ժեստերի լեզվի թարգմանություն, հայերեն լուսագրերի առկայություն.
-
էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն:
Ծրագիրն ակնկալվում է սկսել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված հրատապ բաց մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրը, որը կտևի մոտ 6 ամիս: