«Երեկ ընդունեցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։
Հանդիպման սկզբում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Քարամյանը ներկայացրեց, որ իրենց այցի նպատակը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալելն է՝ կապված 2020 թվականի Արցախյան պատերազմի հետևանքների վերացման կամ մեղմման, պատերազմից տուժած բնակչության հիմնախնդիրների կարգավորման հետ։
Խոսեցի պատերազմի ընթացքում և հետպատերազմական ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում ի հայտ եկած հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մի շարք ուղղություններում և պահանջում են առաջնահերթ կարգավորումներ։
Ողջունելի է, որ հետպատերազմական ժամանակաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Գեղարքունիքի մարզում։ Մենք պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի հետ, ու վստահ եմ, որ այս համագործակցությունը ևս արդյունավետ ընթացք կունենա։
Մեր մարզում պատերազմի հետևանքների մեղմման կամ վերացման նպատակով տրամադրվող աջակցության կարիքները կարելի է բաժանել մի քանի ուղղությունների՝ աշխատանք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, Արցախից տեղահանվածների և սահմանամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքների հետ։
Վերջին երկու տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել՝ ենթակառուցվածքների կարգավորման ուղղությամբ, սակայն դեռևս անելիքներ կան:
Այնուհետև ըստ ոլորտների ներկայացրի իրավիճակը, մասնավորապես անդրադառնալով այն խնդիրներին, որոնք ի հայտ են եկել պատերազմի հետևանքով և անմիջապես առնչվում են առավել խոցելի խմբերի հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ Ինսկե Վանդորմայլը և Միքայել Ռիեպլը հետաքրքրվեցին աջակցության հետ կապված առաջնահերթ խնդիրներով և անելիքներով, միաժամանակ շեշտելով, որ իրենք ցանկանում են մարզպետարանի հետ համատեղ գնահատել բոլոր կարիքները և տարբեր ծրագրերի իրականացմամբ սկսել աջակցության գործընթացը։
Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները նշեցին,որ իրենք նյութական ու մասնագիտական աջակցություն կցուցաբերեն նաև դատաբժշկական ոլորտում։ Անհետ կորածների հարցերով կաջակցեն ոչ միայն Արցախյան վերջին, այլ նաև առաջին պատերազմի ժամանակ տուժած ընտանիքներին։ Դրա համար ցանկանում են անձամբ խոսել պատերազմից տուժած ընտանիքների հետ, մոտիկից ծանոթանալ բոլոր առկա հիմնախնդիրներին ու փորձել դրանք կարգավորել։ Նաև տեղեկանալ, թե որքանով են ինտեգրվում Գեղարքունիքի մարզում Արցախից տեղահանված ընտանիքները:
Հանդիպման ավարտին հույս հայտնեցի, որ Գեղարքունիքի մարզպետարանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի համագործակցությունը կտա ցանկալի ու տեսանելի արդյունքներ։ Մենք պետք է լինենք մշտական շփումների մեջ, ոլորտ առ ոլորտ վեր հանենք ու համաձայնեցնենք կարիքների գնահատման ու կարգավորման առաջնահերթությունները։ Վստահեցրի, որ մեր համագործակցությունը Գեղարքունիքի մարզում մեծապես կնպաստի հետպատերազմական ժամանակահատվածի խնդիրների կարգավորմանը»,- ասված է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: