Հայկ Դարբինյան (Արիության մեդալակիր) - Տղերքը գալիս էին, ասում էին՝ Հա՛յկ, մի բան պատրաստի, Հա՛յկ, մի բան սարքի ուտենք, սոված ենք, Հա՛յկ:
Ինքն էլ հաճույքով էր եփում, մանկուց է երազել խոհարար դառնալ: Հադրութի մարտական դիրքերում տղաների ամենասիրելի ուտեստները շարքային Դարբինյանի կոտլետն ու լոլիկով ձվածեղն էին:
Հայկի համար և՛ բանակում էր հեշտ, և՛ խոհանոցում: Պատերազմի ժամանակ էլ ծառայակից տղաների հետ սառնասրտորեն կանգնեցրեց հակառակորդի 40-հոգանոց դիվերսիան ու ոչնչացրեց թշնամու բարձրաստիճան սպայի:
Հայկ Դարբինյան - Առավոտ հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալը եկավ մեր խրամատը, բա՝ ովքե՞ր են հերոսները, որ գեներալ են խփել ու 40-հոգանոց դիվերսիա են կանգնեցրել, անուններս գրեց ու ասեց՝ ձեզ պարգևատրելու ենք:
Թե ինչ հերոսություններ է արել, տանը, բացի պայմանագրային ավագ եղբորից, ոչ ոք չգիտեր: Իր պարգևատրման լուրն էլ հեռուստացույցից հարազատներն իմացան:
Լուսինե Առաքելյան (Հայկ Դարբինյանի մայրը) - Բոլորը, ովքեր լսել էին, զանգում էին, որ Հայկը ի՜նչ հերոսություն է արել, իր մասին են խոսում: Հետո որ հարցրինք՝ Հա՛յկ, ի՞նչ ես արել, հետո իմացանք: Ինքը չէր պատմում, իմացանք ու հպարտացանք:
Թշնամուն 4 տասնյակից ավելի մարդկային կորուստներ պատճառելուց բացի, նռնականետորդին հաջողվել է նաև մեկ տանկ ոչնչացնել: Ինքը՝ Հադրութի դիրքերում անհանգիստ էր Քարվաճառում ծառայող ավագ եղբոր համար: Իրար հետ կապ հաստատելը դժվար էր:
Հայկ Դարբինյան - էդ ժամանակ մտածում էի ծնողներիս մասին ու եղբորս մասին, որ գտնվում էր էլի Քարվաճառում: Չգիտեի՝ ինչ բոյեր էր ընդեղ:
Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը՝ ծննդյան օրը, մարտական դիրքերում էր: «Բայրաքթարից» խոցված ծառայակիցներին օգնության շտապելիս երեք ընկերներից մեկին դիպուկահարը խոցեց, հաջորդ գնդակը դիպավ Հայկին: Բարեբախտաբար, վիրավորումը ծանր չէր:
Հայկ Դարբինյան - Պատերազմը շատ վատ բան ա, որ տեսնում ես՝ ընկերներդ կողքդ ոնց են մահանում, դա շատ ցավոտ բան ա:
Ապաքինվեց տանը՝ մայրական խնամքով: Հրազենային վիրավորումից 10 օր անց վերադարձավ շարք: Մի քանի օր առաջ էլ շարքային Դարբինյանը զորացրվեց: Մայրիկին նվիրած ծաղիկները դեռ թարմ են: Երկու որդի ուղարկել ծառայության, այն էլ՝ պատերազմի ժամանակ, մոր համար ամենից մեծ փորձությունն է՝ ասում է տիկին Լուսինեն, 44 օրում 44 տարով ծերացավ:
Լուսինե Առաքելյան - Գնում էինք Աստծուն մոմ էինք վառում ամեն օր ես ու ամուսինս, որ գոնե իմ կյանքը վերցնի, մենակ տղաներս տուն վերադառնան:
Հայրը՝ Ռուդիկ Դարբինյանը, հիշում է, 10 օրը մեկ տուն զանգող որդուն մեկ խորհուրդ է տվել պատերազմի ընթացքում:
Ռուդիկ Դարբինյան (Հայկ Դարբինյանի հայրը) - Ասել եմ՝ գերի չընկնիս: Հանկարծ որ էդպես բան լինի, թող իրան վերացնի:
Հոր խորհուրդը չէր մոռացել, բայց կորցրած ընկերների վրեժը ստիպում էր կռվել ու պայքարել հանուն Հայրենիքի, հանուն Հադրութի, որն առանց ստացական «ս» հոդի չի արտասանում:
Պարգևատրումը դեռ չի ստացել, քանի ժամանակ կա, տանը քննարկում են՝ որտեղ են դնելու հերոս որդու Արիության մեդալը: