Կառավարության հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև օրակարգի հարցերի քննարկումը, անդրադարձել է կառավարության կողմից եվրաբոնդերի թողարկմանը և «Ճամփորդիր առանց COVID-19»-ի ծրագրի ընթացքին: Գործադիրի ղեկավարը նշել է, որ այս թողարկումն ամենևին էլ արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում:
Տնտեսական տարի շատ ուժեղ դրական ազդակով ենք սկսել՝ 750 միլիոն դոլարի նոր պարտատոմսերի թողարկումն այսպես է բնորոշում գործադիրի ղեկավարը։ Հարցը, թեև չզեկուցվող է, վարչապետը նիստն այս կարևոր լուրով է սկսում, շեշտում՝ եվրոբոնդերը թողարկվել են Հայաստանի պատմության մեջ ամենացածր՝ 3,8 տոկոսով։ 2020-ին նախ՝ Քովիդից, ապա 44-օրյա պատերազմից տուժած տնտեսության համար դա կարևոր ազդակ է՝ նկատում է Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացնում է՝ մեր երկրի պետական պարտատոմսերի նկատմամբ շուրջ 3 միլիարդի պահանջարկ է եղել, բայց գործադիրը որոշել է այս պահին միայն 750 միլիոն դոլարը ներգրավվել։ Որ հարցը շահարկման տեղիք չտա, Փաշինյանը հստակեցնում է՝ եվրոբոնդ թողարկելու որոշումը պահի ազդեցության տակ չի կայացվել։
Պարտատոմսերի թողարկման արդյունքում, սակայն, ավելանալու է Հայաստանի պետական պարտքը, որը 2020-ի դեկետեմբերի վերջի դրությամբ արդեն մոտեցել է 8 միլիարդ դոլարին։ Երկրի գլխավոր ֆինանասիստն ասում է՝ տարօրինակ կլիներ, որ բեռի մեծացումը չմտահոգեր իրեն, բայց որպես պատասխանատու մարմնի ղեկավար՝ վստահեցնում՝ փորձում են կառավարել ռիսկերը։ Թե տարվա վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը որքան կկազմի, Ջանջուղազյանը կոնկրետ կանխատեսում չի անում, բացատրում է՝ դրա վրա ազդող գործոնները շատ են, մեկն էլ ՝փոխարժեքն է, պարտքի 75 տոկոսն արտարժույթով ներգրավված միջոցներ են։
Նախարարը կրկին ընդգծում է՝ սա չհաշվարկված պարտք չէ, քանի որ 2021-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթում նախատեսված էր պակասորդը փակել միջազգային շուկայից արտարժույթային պարտատոմսերը ներգրավվելու ճանապարհով։ Ջանջուղազյանը շեշադրում է նաև ցածր տոկոսադրույքը, ըստ նախարարի, այն վկայում է միջազգային շուկայում Հայաստանի նկատմամբ վստահության մասին։ Առաջին՝ 2013-ին թողարկված պարտատոմսերի տոկոսը 6.25 էր, 2015-ին՝ 7.5, 2019-ին էլ 4.2։
Մինչև օրակարգին անցնելը վարչապետը նաև «Ճամփորդիր առանց Քովիդ-19» ծրագրից խոսեց։ Արդեն 4 օր Հայաստանի քաղաքացները կարող են թագավարակի բացասական թեստով մուտք գործել Ռուսաստան: Ամսվա կեսից թռիչքների քանակը կավելանա:
Փետրվարի 1-3-ի վիճակագրությունը փոխվարչապետն ամփոփեց. 3900 անձ մեկնել է, 3400-ն էլ վերադարձել։ Վարչապետը նկատում է՝ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիները մեկ տարի հեռավորության վրա մնալուց հետո այլևս մտավախություն չունեն, որ գան, հետ չեն կարողանա գնալ։
Ծրագրի ներբեռնումը հասնել է 20 հազարի։ Գործընթացը պարզ է, դրանում ընդգրկված լաբորատորիաներում քաղաքացին հանձնում է թեստն ու պատասխանը տեսնում նույն էլեկտորանային հարթակում։ Լաբորատորիաների թիվն, ի դեպ, արդեն քառապատկվել է։
Փետրվարի 1-ից մինչև հիմա, ըստ կառավարության ներկայացուցիչների, ընդամենը 7 դեմք է խնդիր առաջացրել, որոնք կապ չեն ունեցել հավելվածի հետ։ Քաղաքացիները պարզապես ոչ թե էլեկտրոնային, այլ թղթային տարբերակով են ներկայացրել իրենց թեստի պատասխանը։