Համացանցային ալիքներին հղում անելիս լրագրողները պետք է մտածեն՝ գովազդե՞ն ալիքի անունը, թե՞ ոչ: ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխությունը հենց այդ մասին է: Ըստ մշակվող նախագծի, լրագրողները կարող են օգտագործել անհայտ աղբյուրների տեղեկությունն այն դեպքում, եթե տարածեն իրենց անունից ու կրեն պատասխանատվություն:
Արթուր Հովհաննիսյան, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Անհայտ ծագում ունեցող աղբյուրները շատ դեպքերում ավելի հայտնի են դառնում, քան այդ նույն աղբյուրները գովազդող լրատվամիջոցներն են, ինչը խնդիր է և իրական լրատվամիջոցներին ֆեյք լրատվամիջոցներից տարանջատելու տեղեկատվություն չի տալիս սպառողին:
Որոշ լրատվամիջոցներ փոփոխությունն անտեղի ու խնդրահարույց են որակում, չեն պատկերացնում, թե ինչպես է օրենքն ընդունվելու դեպքում կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը: Երևանի մամուլի ակումբի նախագահն օրինագծում իրավական լուրջ խնդիրներ է տեսնում: Ասում է՝ տելագրամյան ալիքներին կամ ֆեյսբուքյան էջերին հղում չանելը կարող է հեղինակային իրավունքի խնդիր առաջացնել: Լրագրողը կարող է պատասխանատվության ենթարկվել հեղինակի մտավոր սեփականությունը գողանալու համար:
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ - Ցանկալի է, որ կարգավորումները, որոնք սահմանափակում են տեղեկությունների տարածումը, վերաբերեն բովանդակությանը, այլ ոչ թե աղբյուրին, որտեղից այդ բովանդակությունը վերցված է և, եթե բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ապա ինչո՞ւ չնշել այն աղբյուրը, որտեղից դա վերցրել ես:
Բորիս Նավասարդյանը հիշեցնում է՝ լրատվամիջոցները սահմանադրությամբ և միջազգային բազմաթիվ օրենքներով կարող են հղում անելով տարածել տեղեկություն: Ըստ նրա, փոփոխություններից առաջ պետք է մտածել նախ օրենսդրական կարգավորումների տևական ազդեցության մասին, բացի այդ՝ սպառողին հնարավորություն տալ, որ ինքը որոշի՝ որն է իր համար որակյալ տեղեկություն, իսկ որը՝ գունավոր բամբասանք:
Բորիս Նավասարդյան - Ցանկացած փորձ՝ ուղղակի փակել մեր տեղեկատվական միջավայրն այն տեղեկություններից, որոնք մենք վնասակար ենք համարում, չի ստացվելու: Ժամանակակից աշխարհում ոչ մեկ չկարողացավ այդ խնդիրը լուծել: Ուրեմն պետք է այդ խնդրի հետ համակերպվել և տեսնել՝ ինչ ենք մենք անում մեզ առավելագույնս կամ լավագույնս պաշտպանելու համար:
Օրինագծի համահեղինակ, իմքայլական Արթուր Հովհաննիսյանը հիշեցնում է՝ իրենց նպատակը ոչ թե լրատվամիջոցները վերահսկելն է, այլ համացանցը մաքրելը, իսկ իրականությունը հաճախ խեղաթյուրող, հասարակությանը մոլորեցնող ալիքներն օրեցօր ավելանում են:
Արթուր Հովհաննիսյան - Մենք որևէ անտրամաբանական, որևէ մեկի իրավունքների սահմանափակմանը վերաբերող նախագիծ չեն ներկայացրել: Այս նախագծով ոչ մեկի իրավունքը չի սահմանափակվում, այլ ընդհակառակը՝ պաշտպանվում են և՛ լրագրողների, և՛ մեր քաղաքացիների, և՛ մեր խոսքի ազատությունն առհասարակ:
Մասնագետները կարծում են, որ մինչև նախագծի հանրային քննարկման մեկնարկը, ճիշտ կլինի այն միջազգային փորձաքննության ուղարկել: