Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցեց փետրվարի 1-ից մեկնարկած «Ճանապարհորդիր առանց Քովիդ-19-ի» ծրագրի արդյունքների մասին: Փոխվարչապետը հիշեցրեց, որ հավելվածը մեկամսյա պիլոտային ծրագիր է, բայց ՌԴ-ն երեկ որոշում է ընդունել փետրվարի 15-ից դեպի Հայաստան օրական 4 կանոնավոր չվերթ իրականացնել, ուստի խնդիրը լուծվել է:
«Այս երեք օրերի ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել է Հայաստան 3400 մարդ: Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով Հայաստան ժամանածների թիվը 1263 է: Կարող եմ ասել, որ հավելվածն ըստ էության աշխատում է»,- նշեց փոխվարչապետը:
Ընդամենը 7 քաղաքացու դեպքում է մեկնելու խոչընդոտ առաջացել, իսկ մեկնողները հազարավոր են, վերադարձողների թիվն էլ է շատ մեծ՝ վիճակագրության մասին խոսելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ 7 դեպքերի մասով՝ մարդիկ մեկնել են Ռուսաստան թղթային QR կոդով, որը կասկածներ է առաջացրել ռուս սահմանապահների մոտ: Մենք ավելի խորը կհասկանանք խնդիրը և ըստ հնարավորությունների՝ կօժանդակենք: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ դա ընդհանրապես կապ չունի հավելվածի աշխատանքի հետ: Միակ խնդիրը, որ առաջացել է, որ ենթադրում է ծրագրային ճշգրտումներ, սմարթֆոնի մեջ երեխաների տվյալների հետ կապված համալրելու խնդիր կա»,- նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ շուրջ 20 հազար ներբեռնում կա հավելվածի:
Մարդիկ չպետք է մեկնեն Ռուսաստան, ու նոր միայն պարզվի, որ չեն կարող սահման հատել՝ նշեց վարչապետը՝ խնդրելով բոլոր խնդիրներն արագ շտկել: Փոխվարչապետն էլ մանրամասնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ առաջին օրը բացառություն են արել օդանավակայանում՝ հնարավորություն տալով մարդկանց թղթային տարբերակով մեկնել, փորձել են ընդառաջել, բայց այլ բան է ստացվել: