Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը մասնագետները վերահաստատում են վաղուց հաստատված կարծիքը. այս հիվանդության դեմ լավագույն պայքարը վաղ ախտորոշումն է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հունվարից սկսել է 6-ամսյա ծրագիր, որով նպատակ ունի կանխարգելել կոլոռեկտալ, այսինքն՝ աղիների քաղցկեղը: Անվճար կարող են հետազոտվել 45-ից բարձր տարիք ունեցող բոլոր այն անձինք, որոնք աղեստամոքսային համակարգի հետ կապված գանգատներ ունեն:
Նարեկ Մանուկյան. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն - 45 տարեկան և ավելի ցանկացած անձ՝ ՀՀ քաղաքացի, մեզ դիմելու դեպքում, եթե խնդիրներ կան, ամբողջությամբ անցնում են կոլոնոսկոպիա՝ ընդհանուր անզգայացման տակ, որը ժամանակին բանավական թանկ արժեր:
Տարեսկբից մինչև օրս արդեն 70 մարդ հետազոտվել է, 6-ի մոտ հայտնաբերվել է չարորակ նորագոյացություն: Անվճար հետազոտվողների մոտ բժիշկները նաև բազմաթիվ աղիքային պոլիպներ են հայտնաբերել:
Նարեկ Մանուկյան - Հաստ աղիքի պոլիպների մեծ մասը հետո դառնում է չարորակ ուռուցք: Այսինքն՝ ժամանակին հայտնաբերելով և հեռացնելով, կյանք ես փրկում:
Ուռուցքաբանության կենտրոնում 2020-ին ամբողջությամբ վերանորոգվել ու վերազինվել է 6 բաժանմունք: Տնօրենը վստահեցնում է, որ հին սարքավորումները փոխարինվել են այնպիսի նորերով, որոնք ոչ միայն ուռուցքային հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերմանը կնպաստեն, այլ նաև շատ դեպքերում կմեղմեն այցելուի՝ հետազոտության անհարմարությունները:
Նարեկ Մանուկյան - Ճկվող հումքից գործիք է, որն ինչքան փոքրացվում է, այնքան հիվանդի համար ավելի հարմավարետ է լինում:
Սա նոր բացված բաժանմունքներից մեկն է՝ թորակալ վիրաբուժության: Հայաստանում տղամարդկանց դեպքում թոքի քաղցկեղն ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունն է, բայց ուռուցքաբանության ազգային կենտրոնը մինչև օրս չի ունեցել առանձին բաժանմունք:
Նարեկ Մանուկյան - Փոփոխությունները բերում են բուժական ծառայությունների որակի բարձրացման:
Կենտրոնի տնօրենի սեղանին է ևս մեկ նոր նախագիծ: Առաջիկայում կբացվի միջազգային չափանիշներին համապատասխան պալիատիվ ծառայություն: Այն հիվանդները, որոնք արդեն միայն պալիատիվ խնամքի կարիք ունեն, պետք է լավագույն պայմաններում՝ առանց ցավերի ու հարմարավետ միջավայրում ապրեն կյանքի վերջին շրջանը՝ ասում է Մանուկյանը: Բայց բոլորի պայքարը հանուն նրա է, որ գործը պալիատիվ խնամքին չհասնի:
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նպատակը բոլորի ուշադրությունը քաղցկեղով հիվանդ մարդկանց վրա սևեռելն է, նրանց օգնելն ու հակաքաղցկեղային միջոցառումներ իրականացնելը: Նախարարի խորհրդականը, պատասխանելով հարցին, թե ինչ աջակցություն է Հայաստանում տրամադրում պետությունը քաղցկեղով հիվանդ մարդուն, հիշեցնում է՝ ուռուցքային բոլոր հիվանդությունների դեպքում և երկրի ամբողջ տարածքում վիրահատությունն անվճար է:
Հայկուհի Գյոկչյան, Առողջապահության նախարարի խորհրդատու՝ ուռուցքաբանության գծով - Վերջին տարվա ընթացքում ունեցել են անվճար վիրահատության 9000 դեպք: Եթե խումբը որոշեց, որ հիվանդը բոլոր փուլերով պետք է անցնի, ապա վիրահատությունից հետո քիմիոթերապիայի փուլն է գալիս և սպասարկումն ուռուցքաբանության կենտրոնում և որոշ կլինիկաներում անվճար է, բայց դեղորայքի որոշ մասը ձեռք է բերում հիվանդը:
Ուռուցքաբանը վստահեցնում է, որ 47 տոկոսով Հայաստանում նվազում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց մահացությունը՝ պետպատվերի շրջանակում տրամադրվող տրաստուզումաբ դեղամիջոցի շնորհիվ:
Հայկուհի Գյոկչյան - 2020 թվականի մարտից նախարարությունն սկսել է այս ծրագիրը, դա տրվում է կանանց 21 օրը մեկ, 12 ամիս: Դեղը շատ թանկարժեք է, մեկ սրվակը մոտավորապես 1000 դոլարին համարժեք, կինն ստանում է այս դեղը 12 ամիս՝ պետպատվերի շրջանակներում:
Մարտից մինչև օրս 200 կին է օգտվել ծրագրից, որը դեռ շարունակվում է: Հայաստանում 2019-ին չարորակ նորագոյացությունից մահացել է ավելի քան 5 հազար մարդ: Մահվան յուրաքանչյուր 6-րդ դեպքն աշխարհում քաղցկեղի պատճառով է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս տարի բոլոր երկրներին կոչ է անում պայքարի այս օրն ուշադրությունը սևեռել քաղցկեղի առաջացմանը նպաստող երկու հիմնական ռիսկի գործոնի՝ վրա՝ ալկոհոլի չարաշահում և ծխախոտի օգտագործում: