ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱՆ մասնագետների խումբն աշխատում է՝ գնահատելու բոլոր առաջարկվող պատվաստանյութերը և իր մասնագիտական կարծիքի մեջ ներառել է նաև «Սպուտնիկ V»-ի կիրառման հնարավորությունը:
«Մենք առաջիկայում արդեն կունենանք կոնկրետ ժամկետներ՝ երբ ենք ստանալու»,- ասաց նախարարը:
Լրագրողների ճշտող հարցին՝ դեռևս բավարար քանակով չի՞ ստացվել, նախարարը տվեց բացասական պատասխան:
«Մենք դիմել ենք, բանակցությունների շրջանն արդեն ավարտվել է, մոտ ապագայում կիմանաք՝ երբ ենք ստանալու: Ակնկալում ենք մարտից արդեն ունենալ որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար»,- տեղեկացրեց Ավանեսյանը:
Հարցին՝ ովքե՞ր են առաջինը պատվաստվելու, նախարարը ասաց՝ արդեն որոշվել են ռիսկային խմբերը, և ըստ այդ հրամանի՝ ռիսկային խմբերում ներգրավված անձինք կունենան պատվաստման առաջնահերթություն:
«Մենք աշխատում ենք մի քանի հարթակներում՝ ունենալու լավագույն տարբերակները և ապահովելու մեր բնակչությանը հնարավորինս մատչելի և որակյալ պատվաստանյութով»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարարը: