Փետրվարի 4-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստը: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունն ունի նոր ղեկավար՝ Գագիկ Բաղունցը: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո, խորհրդարանն անցել է փետրվարի 4-ի նիստի օրակարգի հարցերին:
«Մինչ «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ամփոփել է բյուջեի շուրջ խմբակցություններում և հանձնաժողովներում ծավալված նախնական քննարկումների արդյունքները և ներկայացրել խորհրդարանի հերթական նիստում նախագծի քննարկման՝ կանոնակարգով սահմանված ընթացակարգը:
Ներկայացնելով նախագիծը՝ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա մակրոտնտեսական ցուցանիշներին և առանձնացրել գալիք տարում պլանավորված ոլորտային ծախսերը: Խոսելով ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից բյուջեի նախագծի վերաբերյալ արված առաջարկությունների մասին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ նախագծի նախնական քննարկումների արդյունքում կառավարությանը գրավոր ներկայացվել է շուրջ 24 առաջարկություն՝ գրեթե 1 մլրդ 50 մլն դրամ գումարային ծավալով:
Նախագծի ներկայացումից հետո պատգամավորները ֆինանսների նախարարին առաջադրել են վարկերի սպասարկման համար կառավարության կողմից ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման փոխհատուցման սահմանաչափերի վերանայման, տեղահանված բնակիչների բնակվարձի փոխհատուցմանը, բնակֆոնդի դեֆիցիտին և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: Պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելել է, որ 2021 թ. պետական բյուջեի ֆինանսասավորումը հիմնականում ուղղվելու է սոցիալական ոլորտին:
Հարակից զեկույցներ են ներկայացրել Ազգայն ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ դրական եզրակացությամբ ամփոփելով նախագծի հանձնաժողովային քննարկումների արդյունքները:
Գլխադասային հանձնաժողովների նախագահները պատասխանել են պատգամավորների հնչեցրած հարցերին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ստանալու նպատակով: Ըստ հաստատված ժամկետացանկի՝ բյուջեի օրենքի նախագիծը կընդունվի փետրվարի 11-ին կայանալիք նիստում: Օրակարգի 2-րդ հարցը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցն էր:
ԱԺ ֆինանասաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուի՝ Վահրամ Բորիսի Բաղդասարյանի կենսագրական և աշխատանքային գործունեությունը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը առաջադրված թեկնածուի օգտին:
Պատգամավորական հարցերի և մտքերի փոխանակությունից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության: Այնուհետև ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրել է ձայների 22 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ քվեարկության արդյունքները, ըստ որի Վահրամ Բաղդասարյանն ընտվել է Հաշվեքննիչ պալատի նախագահ՝ 6 տարի լիազորությունների ժամկետով:
Հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նախագահը նիստը շարունակել է շնորհակալական խոսքով՝ ուղղված Ավստրալիայի «Հարավային Ավստրալիա» նահանգի ստորին պալատի պատգամավորներին Արցախի Հանրապետութունը ճանաչելու առիթով:
Հարկային ոլորտին վերաբերող օրինագծերի փաթեթին անդրադարձել է ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը օրենքների նախագծերի փաթեթին: Քվեարկության արդյունքներով օրենքների փաթեթներն ընդունվել են միաձայն:
Հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը նույնպես ներկայացրել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը: Վերջինս նշել է, որ հարկային արտոնությունների փաթեթում ներառել են գլխադասային հանձնաժողովի նիստում առաջարկած փոփոխություններն ու լրացումները՝ տեղահանված բնակիչների գույքահարկի և հողի հարկի մասով:
Գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է փաթեթների վերաբերյալ հանձնաժողովի արձանագրած դրական եզրակացությունը և հանձնաժողովի առաջարկությունն ԱԺ կանոնակարգ օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համաձայն հարցի քննարկման 2-րդ ընթերցման ժամկետը մինչև ս.թ. փետրվարի 8-ը սահմանելու մասին: Խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետի սահմանման մասին հարցին:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Վերջինս հավելել է, որ օրինագծում կներառվի նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունը: Հարակից զեկուցմամբ հանդես եկած գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրինագծի վերաբերյալ: Նիստն ամփոփվել է պատգամավոր Դավիթ Գալստյանի հայտարարությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: