Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթ ներդնելու պլաններ չկան, այդ թեման չի քննարկվում անհրաժեշտ նախադրյալների բացակայության պատճառով։ Այդ մասին, ըստ «Արմենպրես»-ի հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը՝ փետրվարի 4-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «ԵԱՏՄ շրջանակներում ոչ մի պայմանագրում, ոչ մի ակտում չի խոսվում միասնական արժույթի ներդրման մասին։ Նման ծրագրեր չկան նաև մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության մեջ, բանակցություններ չեն ընթանում այդ հարցով», - ասել է նա: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ Ալմաթիում: