Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը:
2020 թվականի ընթացքում Արցախի Հանրապետությունում գրանցվել է 260 քաղցկեղի նոր հայտնաբերված դեպք:
Ամեն տարի 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի մեկ երրորդը հնարավոր է կանխարգելել, մի մասն էլ բուժել՝ վաղ փուլերում ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպման շնորհիվ։
Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։
Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը։
Քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է`
չծխել և արգելել ձեր և ձեր հարազատների կողքին ծխելը.
լինել ֆիզիկապես ակտիվ, պահպանել առողջ սննդակարգ.
սահմանափակել ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը.
խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի,
մասնակցել սկրինինգային հետազոտություններին:
Քաղցկեղով հիվանդները և նրանց ընտանիքները պետք է ակտիվորեն մասնակցեն բուժմանը վերաբերող որոշումներին, պետք է հաշվի առնվեն նրանց անձնական կարիքները և նախընտրությունները։ Քաղցկեղով ապրող անհատի համար հոգեբանական աջակցությունը, ջերմ հարաբերությունները ընտանիքի, ընկերների, զուգընկերոջ հետ կարող է զգալիորեն փոխել նրանց կյանքի որակը։
Հաշվի առնելով այս ամենը՝ քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթման միջոցով։ Միասին մենք կարող ենք անել ավելին: Քաղցկեղը դատավճիռ չէ։