Նադեժդա Յարովիցկի (նյարդաբան-ոսկրաբան) - Այստեղ ես զգում եմ, որ սկոլյոզ ունի, այստեղ արդեն շատ է նկատվում:
Բժշկություն՝ առանց դեղորայքի: Միայն ձեռքերի լեզվով ուսումնասիրում, հասկանում է՝ ինչ խնդիրներ ունեն մեր սահմանները պահած տղաները: Ոսկրաբանության՝ մեզ դեռ անծանոթ մեթոդի մասին պատմում է նաև «Լուրերի» տեսախցիկին:
Ռուս օսթեոպատը ոսկրաբանության հետքերով հասել է Ֆրանսիա՝ այնտեղ տեղափոխելու ապագայի բժշկությունը: Ասում է՝ դրսում հիմա բժշկության՝ ոչ տրավմատիկ այս մեթոդը արագ զարգանում է:
Նադեժդա Յարովիցկի - Ստուգում եմ շարժունակությունը, երբ արդեն այցելուն պառկած է: Ոսկրաբանությունը թույլ է տալիս անմիջապես թեստավորել հիվանդին: Հիմա ես ուսումնասիրում եմ ողնաշարը, մտովի նաև վերականգնում ճիշտ կառուցվածքը, ապա շոշափելով զգում եմ բոլոր հյուսվածքների լարվածությունն ու սկսում եմ աշխատել: Սովորաբար սկզբում ցավոտ է, բայց մի քանի այցից հետո արդյունքը զգացվում է:
Այս անսովոր թվացող բժշկական փորձն օգնում է նախ՝ գնահատել մարդու վերականգնողական ներուժը՝ օրգանիզմի բնական պաշարի հաշվին: Պատերազմը ստիպեց տղաներին ոտքի կանգնեցնելու համար այլընտրանքային բժշկությանը դիմել. 10-ից ավելի մասնագետ է դրսից եկել տղաների հետ աշխատելու:
Տիգրան Վահրամյան (Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն) - Մեր համար ինքը բավականին այլ է, սկզբի համար ընկալելը մի քիչ դժվար է, բայց երբ աշխատում ես, սկսում ես պրինցիպները հասկանալ: Ինձ թվում է՝ Հայաստանում դեռ զարգացման տեղ ունի, ու մենք դեռ դրա մասին լսելու ենք:
Ոսկրաբանության սեանսի հետ համատեղ 19-ամյա Ալիկը, օրինակ՝ բժիշկ-կինեզիստի հետ ձեռքերի ուժն է հետ բերում:
Մարիամ Խալափյան (կինեզոթերապևտ) - Հիմա իր մոտ կինեզոթերապիայի միջոցով փորձում ենք վերականգնել ուժը, քանի որ ուժի խնդիր ունի, ծանրություն բարձրացնել չի կարողանում:
Նադեժդա Յարովիցկի - Ինձ Հայաստան հրավիրեց Փարիզի հայ համայքը՝ մասնագիտական կարողություններս Հայաստան բերելու համար: Մեկ շաբաթ է՝ այստեղ եմ: Հանդիպել եմ վիրավոր զինվորների, նրանց ծնողների, մարդկանց հետ, որ հարկադրաբար լքել էին իրենց տները: Նրանց ծանր հոգեբանական վիճակը դանդաղեցնում է բուժման ընթացքը: Ցավոք, ավանդական բժշկությունը մարդու հոգին երկրորդ պլան է մղում՝ անտեսելով, որ մարդիկ տարբեր կերպ են ցավն ընկալում:
Ոսկրաբանն օգնում է նաև մտքում գտնելու ցավի հանգույցներն ու կենտրոնանալ դրանց վրա:
Այսպես մի քանի այցելություն էլ, և ցավն ուղեղից ու մարմնից հեռանում է: Իսկ երեկոյան, քանի Հայաստանում է, պրոֆեսիոնալ բժիշկ-օսթեոպատ Նադեժդան վերափոխվում է արգենտինական տանգոյի պրոֆեսիոնալ ուսուցիչ Նադյայի ու արդեն՝ պարի սեթևեթ կոշիկներով պարահրապարակն է գերում:
Նադեժդա Յարովիցկի - Հայաստանի հետ իմ սիրո պատմությունը սկսվել է վաղուց, երբ հեռավոր 86-ին դեռ աղջնակ էի: Սիրեցի հայերի հյուրասիրությունը, Հայաստանի գեղեցկությունը, նույնիսկ՝ հիմա՝ պատերազմից հետո: Այս սիրուց մի մասնիկ այստեղ եմ թողնում: Էլի կգամ...