Հրատապ հարցերը թողած՝ կրկին կեղծ օրակարգ եք բերել. ընդդիմության այս մեղադրանքներով սկսվեց խորհրդարանի արտահերթ նիստը։ Նախ «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը խոսեց ու կառավարությանը հիշեցրեց՝ երկրի համար առաջնահերթն անվտանգային հարցերն են։ Պատերազմից 3 ամիս է անցել, բայց Հայաստանն Արցախում անգամ մեկ տուն չի կառուցել:
Հետպատերազմական Արցախում որևէ սոցիալական խնդիր այժմ չկա՝ վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, վերջին թվերն ամփոփեց՝ հիմա այնտեղ 100 հազարից ավելի մշտական բնակչություն կա։ Գազի, հոսանքի խնդիր էլ արցախցիները չունեն, կապի ծառայությունն էլ գործում է գրեթե ամբողջությամբ։ Համատեղ ծրագրերն են շատ են, Հայաստանն էլ շարունակում է մնալ սոցիալական անկախության երաշխավորը։
Պատերազմից հետո Հայաստանում շարունակում է ապրել 20 հազարից ավելի արցախցի, նրանք բոլորն ունեն ժամանակավոր բնակության կացարան՝ աջակցության շարքը շարունակելով նշեց նախարարը։ ԲՀԿ-ն լքած Սերգեյ Բագրատյանն էլ Սյունիքի սահմանամերձ գյուղերից խոսեց, ասաց՝ սահմանների ճշգրտման գործընթացում իրենց տունը կորցրած մարդիկ էլ են ուզում զգալ կառավարության հոգատարությունը։ Առաքելյանը, որպես սոցիալապես խոցելի գոտի, Շուռնուխ ու Որոտանն առաձնացրեց, վստահեցրեց՝ այդ ուղղությամբ արդեն աշխատանք է տարվել։
Սոցիալական ոլորտը համակարգող նախարարի՝ այսօրվա նիստին բերած փոփոխության փաթեթով, գործադիրն առաջարկում է միավորել 4 ծառայություն ու ստեղծել ինտեգրված մեկ համակարգ։ Այս հարցը, սակայն գրեթե չքննարկվեց։ Փոխարենը երկար քննարկման ու ընդդիմադիրների քննադատությանն արժանացավ արդարադատության նախարարի ներկայացրած օրինագիծը, որով պետք է լինեն մասնագիտացված դատավորներ ու քննեն միայն միջդատական վարույթի փուլին բնորոշ միջնոդրություններ ու բողոքները։
Իր ելույթում նախարար Բադասյանը բացատրեց, որ մասնագիտացված դատավորներ ունենալու գաղափարը նոր չէ, ու այդ ինստիտուտի ներդրումը կթեթեևացնի համակարգի ծանրաբեռնվածությունը, կբարձրացնի հանրային վստահությունը։ Առաջարկով առնվազն 17 հաստիք կբացվի, որից ամենաքիչը՝ 8-ը, Երևանում։ Ընդդիմության պնդումներին էլ, թե այս կերպ իշխանությունն իր համար ցանկալի դատավորներ է ունենալու, Բադասյանն արձագանքեց՝ ծանոթացեք ընտրության կարգին, նոր դատավորներին քննությամբ բարձրագույն դատական խորհուրդն է ընտրելու, նրանք բարեվարքության ստուգման են ենթարկվելու, ապա ուսուցում անցնելու։
Նախագիծն ընթերցեք ու կտեսնեք, որ դատավորներին ԲԴԽ-ն է ընտրելու՝ ընդդիմությանը հիշեցրեց հարակից զեկուցող «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Մինչև դուք այստեղ ոչ կարևոր հարցեր եք քննարկում, փետրվարի 1-ից սկսած դեպի Ռուսաստան արտագաղթ է սկսվել՝ պնդեց Զոհրաբյանը, մարդիկ տուն տեղ հավաքած գնում են՝ ասաց։ Արտագաղթը թվերով են չափում՝ ԲՀԿ-ական պատգամավորին «Իմ քայլից» Հայկ Գևորգյանը հակադարձեց՝ մեջբերեց 2008-2018-ի վիճակագրությունը։
Իշխանությանը մեղադրեց նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ասաց՝ դատաիրավական բարեփոխումները պետք է արմատական լինեն, խորհրդարանը պարտավոր է պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու մինչև արտահերթ ընտրությունները հիմնարար փոփոխություններ կատարել։
«Իմ քայլի» անունից ելույթ ունեցավ Ալեն Սիմոնյանն ու ասաց՝ համամիտ է Բաբաջանյանի գրեթե բոլոր մեղադրանքների հետ: Ըստ նրա, անկախ պատգամավորը միայն մի բան չի նշել՝ իրենք թույլ են տվել, որ 30 տարի իշխանության մաս կազմածներն «Իմ քայլին» մեղադրեն չարածների համար։ Որոշ մարդկանց բենթլիներն ու դղյակներն ԱԹՍ դարձնել չհասցրեցինք՝ մեղադրանքն ընդունեց ԱԺ փոխնախագահն ու կոչ արեց հարգել իրար։
Դատաիրավական բարեփումները մեկ օրվա գործ չեն՝ տարիների աշխատանք են, որի արդյունքն արդեն երևում է՝ եզրափակիչ ելույթում ընգծեց նախարար Բադասյանը, հիշեցրեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հրապարակած զեկույցը, որտեղ կոռուպցիայի համաթվով վերջին տարիների համեմատ Հայաստանը գրանցել առաջընթաց՝ 15 միավորով;