Պատերազմի և կորոնավիրուսի պատճառով Արարատի մարզում գյուղմթերքի արտադրության ծավալը նվազել է: Մինչդեռ աճել է խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունը, մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը 156 հազար հեկտար է, որից 42 հազարը՝ մշակվող: Անցյալ տարին է ամփոփվել ու առաջիկա ծրագրերն են քննարկվել վարչապետի գլխավորությամբ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Իհարկե, Արարատի մարզն առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, և մենք առաջիկայում պետք է նաև գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, այսօր նաև այդ թեման կքննարկենք:
Կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսման քայլերը՝ խորհրդակցությանն ասել է վարչապետը և ընդգծել՝ ժամանակակից այգիներ, ջերմոցային տնտեսություններ, ֆերմաներ հիմնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի արդյունավետությունը:
Պատասխանատուներին հանձնարարել է մոնիթորինգի միջոցով գնահատել խնդիրներն ու առաջարկել լուծման տարբերակներ: 2020-ին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Իհարկե, նաև բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրներն են մեր օրակարգում, սոցիալ-տնտեսական, իրավակարգի և անվտանգության ապահովման հարցերը, և մենք այս բոլոր հարցերով կունենանք քննարկում, կտանք համապատասխան հանձնարարակններ և կամփոփենք այս պահին եղած արդյունքները: Նաև կգնահատենք, թե ինչ առաջանային մարտահրավերներ և խնդիրներ ունենք, որոնցով պետք է զբաղվել:
Քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը, շինարարության, կրթության և այլ ոլորտներում խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: ԶՈՒ ներկայացուցիչը զեկուցել է, որ Արարատի մարզի սահմանային օպերատիվ իրավիճակը հանգիստ է, և հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ է:
Խորհրդակցությունից հետո Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի: