Բնությունն իր քմահաճույքները դրսևորում է տարվա բոլոր եղանակներին: Ձմռան երկրորդ ամսին ձյան առատ տեղումների փոխարեն Եվրոպան հայտնվել է հորդառատ անձրևների թիրախում:
Ջրհեղեղներ են սկսվել Ֆրանսիայի որոշ շրջաններում: Սենան վարարել է ու հունից դուրս գալով ողողել է փարիզյան ափերը: Գետի ջրի մակարդակն արդեն բարձրացել է 4,20 մ-ով և դեռ շարունակում է աճել: Երկրի հյուսիսում ջրհեղեղի զոհ է դարձել 70-ամյա տղամարդ: Վերջին երկու ամսվա ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքի մի շարք քաղաքներում տները չորրորդ անգամ են ողողվում ջրով:
Գերմանիայում էլ հորդառատ անձրևներն ու անսովոր տաք եղանակից հալվող ձյունը հունից հանել են Հռենոսի ափերը: Ջրհեղեղներ են նաև Թուրքիայում: Երկրի արևմուտքում՝ Իզմիրում, հեղեղվել է մի քանի թաղամաս: Բնական աղետի զոհ է դարձել երկու քաղաքացի, վնասվել են տներ, քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայում առատ ձյուն է տեղացել և առաջացրել երթևեկության հետ կապված խնդիրներ, խանգարել պատվաստումներին: Իսկ Փենսիլվանիայում 135-րդ անգամ անցկացված «Արջամկան օրվա» արարողության ժամանակ չորքոտանին կանխատեսել է նորմայից ցածր ջերմաստիճան առաջիկա վեց շաբաթվա ընթացքում: