Պատերազմի օրերին ստացած նամակները Դավիթը բերել է տուն, խնամքով պահում է մասունքի պես։ Կրակների մեջ այդ երկտողերն իրեն ապրելու ուժ են տվել ու վերադարձ պարտադրել։
Դավիթ Թեմուրյան - Խոստացիր, որ մարտի դաշտից ծաղիկներ կբերես, եթե ծաղիկ էլ չբերես՝ խոստացիր, որ ինձ՝ քեզ կբերես։
Դավիթն օրերս է զորացրվել։ Շուշիում է ծառայել, հետո տեղափոխվել Մատաղիս։ Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, մարտական հերթապահության էր՝ դիրքերում։ Հրետակոծության տակ դժվարությամբ է կապվել հրամկազմի հետ, ներկայացրել իրավիճակը: Ժամեր անց հասկացել է՝ ընկերների հետ շրջափակման մեջ են։ Կրակի օղակից դուրս գալու համար օրեր շարունակ ուղիներ են փնտրել։ Տեղանքին ծանոթ զինակիցներից մեկի հուշումներով չորրորդ օրը հրաշքով դուրս են եկել ու շարժվել դեպի Մատաղիս:
Հոկտեմբերի 2-ը, ասում է՝ վերածնունդս է։ Մայրը, որ այդ ամբողջ ընթացքում որդուց լուր չի ունեցել, վտանգը կանխազգացել, բայց վախեցել է բարձրաձայնել։ Բաղձալի օրը, երբ ստացել է սպասված զանգն ու լսել Դավիթի ձայնը, ականջին նաև կրակոցների ձայներ են հասել:
Լուսյա Սիմոնյան - Ասում էր՝ մի՛ անհանգստացի, մենք բունկերում ենք: Կրակոցի ձայնը լսում էի, հարցնում՝ինչ թխկթխկոց է, ասում էր՝ սալաթ ենք սարքում: Հետո որ իմացա մեդալ են տվել, ասեցի՝ սալաթ սարքելու համար են տվել:
Դավիթը մարտական գործողություններն անթերի կատարելու համար Արիության մեդալ է ստացել։ Ընտանիքն այդ մասին իմացել է լուրերից։ Լիարժեք չէի կարողանում ուրախանալ, քանի դեռ որդիս կողքիս չէր՝ ասում է տիկին Լուսյան, որը նման ապրումներ ունեցել է մեկ էլ 90-ականներին, երբ Արցախյան առաջին պատերազմից ամուսնուն էր սպասում։
Լուսյա - Էդ զգացողությունները իրար հակասող էին՝ և՛ ուրախ էի, և՛ տխուր, չէի հասկանում:
Դավիթը հիմա է խոստովանում՝ վախի զգացողություն երբեմն ունեցել է։ Բայց դրան ուշադրություն չի դարձրել։ Անգամ իրավիճակներ են եղել, երբ ընդառաջ գնալով մահվան՝ վիրավոր ընկերներին է փրկել: Մարտական առաջադրանքներից մեկի ժամանակ էլ դեմ առ դեմ հանդիպել է նռնակը դեպի իրեն ուղղած ադրբեջանցուն։ Զինվորը, հասկացրել է՝ վերցրել նռնակը։
Դավիթ - Մտածեցի, որ վերցնեմ, կարող է կալցոն քաշի, չվերցրեցի, ինքը քմծիծաղ տվեց, նռնակը հետ տեղադրեց ու գնաց։
Սերժանտ Թեմուրյանն ամեն բան չէ, որ պատմում է։ Ինչ էլ ասում է՝ ցածրաձայն ու դանդաղ։ Հանգիստ է, բայց հաստատակամ։ Որոշել է շարունակել կիսատ թողած ուսումը․ ուզում է ծրագրավորող դառնալ ու եղբոր հետ սեփական գործ սկսել: