Արաքսի ափի տաք հոսանքները տանում են դեպի ձորի խորքը՝ Շվանիձոր՝ հարավի զարգացող գյուղը: Բնակավայրը բոլոր արշավականների հիմնական հանգրվանն է, զբոսավարը գյուղապետն է, առաջին կանգառը՝ պատմական կամուրջ, բայց միայն առաջին հայացքից: Իրականում՝ ջրատար է՝ 16-րդ դարի: Այն ժամանակ, հիմա էլ, ջուրը կամրջով հասցնում են դիմացի սարը՝ խաղողի այգիները ջրում:
Ալիկ Թումանյան, Շվանիձոր և Ալվանք գյուղերի վարչական ղեկավար - Չի եղել այնպիսի հնարավորություն, որպեսզի մի այգուց ջուրը կապեն մյուս այգի, դրա համար կառուցվել է այս հսկա կամուրջը:
Խմբերով գալիս, շատերն էլ վրաններով են մնում: Առանց ցեմենտի, կրով, ձվով շարած ջրատարը հնագետներն ուսումնասիրել, գրել են՝ տարածքը պատմական արժեք ունի: Կամրջից վերև դիմային պատով պահպանված շենքը գյուղի դպրոցն է՝ կառուցված 1883-ին՝ Րաֆֆու հովանավորությամբ: Արձանագրութունում նշված է՝ վիպասանն այստեղ աշակերտների հետ դասավանդել է:
Գյուղի նոր դպրոցը հնի դիմաց է: Աշակերտների թիվն ավելանում է: Մոտ 40 երեխա, 18 ուսուցիչ: Մասնագետների պակաս չունեն, 5 ուսուցիչ գալիս է Մեղրիից և Ագարակից:
Ալեն Ավետիսյան, Շվանիձորի միջնակարգ դպրոցի տնօրեն - Դպրոցն այս տարի հագեցավ այնպիսի տեխնոլեգիաներով, որոնք հնարավորություն են տալիս ուղղակիորեն առցանց կապ հաստատելու Հայաստանի և աշխարհի ցանկացած ուսումնական հաստատության հետ:
Կառուցում են բաց մարզադաշտ: Հաշվարկել են՝ 2 մլն դրամ, գումարն ունեն, գյուղացիներն էլ կամավոր են աշխատում:
Ալեն Ավետիսյան - Բոլոր աշխատանքներն իրականացվել և շարունակվելու են իրականացվել բարեգործական հիմունքներով՝ առանց աշխատավարձ:
Գյուղը զարգացնելու համար դպրոցում ուսումնասիրում են նաև գյուղատնտեսություն: Կլիման նպաստավոր է, աճում է, ինչ մտքովդ անցնի: Արթուրի այգին՝ փաստացի ապացույց: Տան չորս կողմը կիվիի ծառերն են, չէին հավատում, ինքն ապացուցեց՝ արևադարձային ցանկացած միրգ այս գյուղում կաճի:
Արթուր Հովհաննիսյան - 100 կիլո վերցրել եմ, անցած տարի, առաջ այդքան չի եղել, հարևաններիս, ընկերներիս ասում եմ՝ եկեք, քաղեք:
Պատերազմից առաջ, հետո էլ շարունակում է ծառ տնկել, որ ձորը միշտ կանաչ լինի: Կորուստները ծանր են, բայց պետք ապրել: Խնդրում է քարկոծելու, մեղավորներ փնտրելու փոխարեն գործի անցնել, թեկուզ՝ ծառ տնկել: Շվանիձորը չի տուժել, այգիները հակառակորդին չեն անցել: Պատերազմին գյուղի կամավորների խումբը պահել է սահմանը, բայց ոչ ոք չի արտագաղթել: Խնդրում է նաև խուճապ չտարածել:
Գյուղում դատարկ տներ չկան: Այցելուներին բերքը չեն վաճառում՝ հյուրասիրում են, ինչ ունեն: Նուռը շատ է, շատանում են նաև արևադարձային մրգերը՝ բանանը, ճապոնական զկեռը, մանդարինը, նարինջը: Վերջին երկու տարում գյուղում շինարարությունը նոր թափ է առել: Կառուցվել է կանգառ, աշխատում է կանոնավոր երթուղի: Ունեն նոր լուսավորություն, նորոգել են ջրահավաք երեք ավազան: Աշնանը նոր պոմպ են ձեռք բերել՝ Արաքսից ջուրը հասնում է գյուղ: 90 տոկոսով ոռոգման հարցը լուծվել է:
Ալիկ Թումանյան - Ջրում են անվճար, քանի որ այդ ջուրը գոյանում է մեր քյարիզներից, որոնք կառուցվել են 16-17-րդ դարերում, այդ ջուրը լցվում է ավազանները և դրանով ոռոգում են մոտավորապես 20 հա ավել հողատարածքներ:
Նորածինների թվին զուգահեռ՝ կառուցում են նոր մանկապարտեզ: 2018-ից հետո բնիկները վերադարձել են մշտական բնակության:
Ալիկ Թումանյան - Արդեն տները դառնում են պահանջարկ, բնակեցվում է, երիտասարդությունն այստեղ է ամուսնանում, մնում հենց գյուղում, ինչը ողջունելի է:
Անկախ բոլոր շահարկումներից, այստեղ մնում են, որ հարավն ուժեղ լինի: 300 բնակիչ կա, 85 տնտեսություն: Գյուղապետ-զբոսավարը խորհուրդ է տալիս գյուղ գալ անկախ եղանակից: Մի բան է լսելը, ուրիշ՝ տեսնելը: