Մարմնամարզության Հայաստանի հավաքակականների համար տարվա առաջին ստուգատեսը Հայաստանի առաջնությունն է, որին այժմ պատրաստվում են մարզիկները:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը հետևում էր տղաների մարզմանը, նշեց, որ հագեցած տարի է սպասվում՝ իհարկե, եթե կորոնավարակը թույլ տա:
2020 թվականի հետաձգված մրցաշարերի թվում էր նաև Օլիմպիական վարկանիշային Եվրոպայի առաջնությունը, որը պետք է տեղի ունենար Բաքվում, որին մեր հավաքականը չէր մասնակցելու, մրցաշարը տեղափոխել էին Թուրքիա, սակայն մի շարք երկրներ հրաժարվել էին մասնակցել այդ առաջնությանը, և այն չկայացավ: Մարզաձևի միջազգային ֆեդերացիան էլ առաջնությունը տեղափոխեց Շվեյցարիա՝ Բազել և այն կկայանա ապրիլին: Այստեղ ևս մեկ հայ մարմնամարզիկ պայքարելու է բազմամարտում ուղեգիր նվաճելու համար:
Մինչև Եվրոպայի առաջնությունը՝ մարտին Դոհայում կայանալու է առանձին գործիքների աշխարհի գավաթի եզրափակիչ փուլը, որը ևս վարկանիշային է: Սերոբյանը նշում է, որ այս մրցումը շատ կարևոր է տղաների համար, հատկապես Արթուր Ավետիսյանի և Արթուր Թովմասյանի համար, որոնք վիրահատության էին ենթարկվել:
Գավաթի խաղարկությունից հետո էլ մարզիչը կորոշի արդեն Եվրոպայի առաջնության մեկնող հինգ մարմնամարզիկի անունները:
Օրեր առաջ ֆեդերացիայում կայացած փոփոխությունների մասին խոսելիս Սերոբյանը նշեց, որ շատ ուրախ է, որ երիտասարդները հնարավորություն ստացան իրենց դրսևորելու: Նշեց, որ նորընտիր նախագահ Գագիկ Վանոյանը, ով իր սանն է եղել, միշտ հավաքականի կողքին է եղել և ֆինանսապես միշտ աջակցել է թիմին:
Սերոբյանը պլանավորում է նաև ուսումնամարզական հավաք մինչև Բազել մեկնելը, եթե հնարավորություն լինի կմեկնեն Թբիլիսի կամ Մինսկ:
Իսկ արդեն Եվրոպայի առաջնությունից հետո ողջ ուժերը կկենտրոնացնեն օլիմպիական ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանի վրա և կնախապատրաստվեն օլիմպիական մեդալ նվաճելուն: Ի դեպ, Սերոբյանն էլ արդեն պաշտոնապես հրավիրվել է Տոկիոյի օլիմպիական խաղերին՝ որպես դատավոր:
Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան