Երրորդ օրն է՝ հոսանքը երկրում թանկացել է. բայց ոչ բոլոր սպառողների համար: Այն բնակիչ-բաժանորդները, որոնց ամսվա ծախսը չի գերազանցի 400 կՎտ/ժամը, էլեկտրաէներգիայի դիմաց կշարունակեն վճարել գործող՝ նույն սակագնով:
400 կՎտ-ից շատ հոսանք օգտագործողների սակագինն է փոխվել, ավելացել 3 դրամով:
Թանկացումն ուժի մեջ է՝ փետրվարից, հիշեցնում են Հայաստանի էլեկտրական ցանցերից:
Նատալյա Սարջանյան («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ) - Փետրվարի ծախսը, եթե կգերազանցի տվյալ բաժանորդի 400 կՎտ-ից ավելին, այդ ժամանակ արդեն կհաշվի նոր սակագնով:
Հաշվարկի շատ պարզ մեխանիզմ է գործելու. այն որևէ ձևով կապված չէ բաժանորդի ո՛չ տարվա ընդհանուր ծախսի, ո՛չ էլ նախորդ ամսվա ցուցմունքի հետ: Իզուր են որոշ բնակիչներ անհանգստանում, թե հունվարի ցրտերին տունը հոսանքով են տաքացրել ու մեծ ծավալի էլեկտրաէներգիա սպառել. չստացվի՝ այդ պատճառով հայտնվեն թանկ հոսանք օգտագործողների ցուցակում: Նման ռիսկ չկա, պարզաբանում են հոսանք մատակարարող ընկերությունից: Բնակչի դեպքում կոմունալը բարձրացած նոր սակագնով է լինելու միայն և միայն այն ամսվա համար, որի ընթացքում հաշվիչը 400 կՎտ-ից մեծ ծախս է ֆիքսել:
Նատալյա Սարջանյան - Ցանկացած բաժանորդ վճարելու է տվյալ ամսում իր ծախսած էկելտրաէներգիայի չափով: Եթե տվյալ ամսում ծախսել է 400 կՎտ-ից ավելի, կվճարի արդեն նոր սակագնով, եթե հաջորդ ամիս կծախսի 400 կՎտ-ից պակաս, այդ դեպքում կվճարի նախկինում գործող սակագնով:
Ըստ Հանրային ծառայությունների հանձնաժողովի՝ Հայաստանում ամիսը 400 կՎտ-ից քիչ հոսանք է սպառում բնակչության մոտ 90 տոկոսը: Փորձել են այնպես անել՝ կոմունալի թանկացման ֆինանսական բեռը մնա այն ընտանիքների վրա, որոնք կարող են իրենց թույլ տալ ուզածի չափ էլեկտրաէներգիա օգտագործել:
Նպաստառու՝ սոցիալապես անապահով բաժանորդների զեղչված սակագները նույնությամբ պահպանվում են:
Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա տնտեսվարող-սպառողների համար որևէ շեմ սահմանված չէ: Նրանց հոսանքը փետրվարից 3 դրամով թանկացած է՝ անկախ՝ հաշվիչն ինչքան կպտտի: