Եկող շաբաթ Հայաստանում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկի չորս խմբի: Հայաստանի կառավարությունը տարածաշրջանի երկրների համեմատ բարեհաջող է դիմակայել համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով մեր երկիրն ունի կառավարելի իրավիճակ: Կորոնավարակը, օրինակ, հարևան Վրաստանում դեռևս նահանջի միտում չունի:
Գայանե Սահակյան, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրենի տեղակալ - Այս պահի դրությամբ ապացուցել է և՛ իր անվտանգությունը, և՛ արդյունավետությունը: Ընդունվում է նաև արևմուտքի կողմից:
Հիշեցնեմ. այս պատվաստանյութով վերջերս պատվաստվել էին մեր զրուցակիցը, առողջապահսոության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ու ոլորտի մի քանի ներկայացուցիչներ: Ռուսաստանը պատվաստանյութի մի քանի դեղաչափ էր նվիրել մեր երկրին: Այս օրերին ձեռք բերվելիք «Սպուտնիկ V»-ի մեկ դեղաչափը Հայաստանի համար կկազմի մոտ 10 դոլար՝ գումարած տեղափոխման ծախսերը: Սա այս պահին Հայաստանին առաջարկվող տարբերակներից ամենահարմարն ու ամենամատչելին է՝ պարզաբանում է Գայանե Սահակյանը, բայց քաղաքացիների համար, այսպես թե այնպես, պատվաստումն անվճար է լինելու: Առաջին փուլով, ընդամենը օրեր անց, Հայաստանում պատվաստման հնարավորություն կտրվի ռիսկի 4 խմբի:
Գայանե Սահակյան - Խոսքը գնում է առայժմ մինչև 10 հազար մարդու մասին, հետագայում արդեն կծավալվենք՝ մեր ֆինանսական միջոցներից ելնելով:
Կորոնավիրուսով հիվանդացության վիճակագրությունը ցույց է տվել, որ պատվաստումն առաջնահերթություն է 65-ից բարձր տարիք ունեցողների համար, խնամքի սոցիալական կենտրոնների բնակիչների ու աշխատակիցների, քրոնիկ հիվանդություններ ունեցողների և բուժաշխատողների համար:
Գայանե Սահակյան - Պարտադիր ոչ մի պատվաստում չի լինելու: Մեր երկրում որևէ պատվաստում պարտադիր հիմունքներով չի կատարվի, բայց, բոլոր դեպքերում, չեմ կարծում, որ մարդը կգերադասի ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան պատվաստումը:
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս քաղաքացիներին, որոնք ռիսկի խմբերում չեն, պատվաստման հնարավորություն կունենան, լավագույն դեպքում, մարտի վերջին: Դեռ սեպտեմբերից Հայաստանը պայմանագիր է կնքել «Կովաքս ֆասիլիթի» նախաձեռնության հետ: Սա միջազգային նախաձեռնություն է, որն ինքն է բանակցություններ վարում պատվաստանյութ արտադրող ընկերությունների հետ և ավելի մատչելի գներով առաջարկում երկրներին: Հայաստանին երեք տարբերակ է առաջարկվել, որոնք ոլորտի պատասխանատուներն այս պահին ուսումնասիրում են թե՛ անվտանգության ու արդյունավետության, թե՛ գնի տեսանկյունից:
Ռուսական «Սպուտնիկի» հետ Հայաստանը բանակցություններ սկսեց, որպեսզի մինչև մարտ աշխարհից հետ չմնար: Ամբողջ աշխարհում արդեն միլիոնավոր դեղաչափերով պատվաստումներ են կատարվել: Որոշ երկրներ քննարկում են նույնիսկ պատվաստումային անձնագրերի ներդրման հարցը: Այսինքն՝ չունես պատվաստված լինելդ փաստող անձնագիր, չես կարող հատել երկրի սահմանները: Հայաստանում պարտադիր պատվաստման հարց չի քննարկվել, առայժմ օրակարգում էլ չկա նման բան:
Պատվաստումային խառնաշփոթին զուգահեռ, այս շաբաթ արդեն նկատելի դարձավ ամբողջ աշխարհում թե՛ վարակվողների, թե՛ մահվան դեպքերի թվի նվազում: Հայաստանն էլ առաջատարներից է: Համաճարակային վիճակի բարելավման տեսանկյունից առաջ է անցել հարևաններից: Վրաստանում, օրինակ, վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 688 դեպք, 13 մահ: Հայաստանում նույն ժամանակահատվածում արձանագրվել է վարակման 190 և մահվան 7 նոր դեպք: