Որ հերթերը հնարավոր լինի նվազագույնի հասցնել, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն ու «Հայփոստը» գործարկել են Earlyone հավելվածը: Հայաստանում այն գործում է 5 տարի, տեղադրված է մի շարք բժշկական կենտրոններում, բանկերում: Տանից հնարավոր է առանց երկար սպասելու ընտրել ցանկացած պետական պատուհանին մոտենալու ժամն ու րոպեն:
Գիտնականներն ապացուցել են՝ մեր կյանքի երկու տարին անցնում է հերթերում: Հայկական հավելվածն արդեն 5 տարի օգնում է ապրել առանց հերթերի: Բանկերից մինչև պետական կառույցներ:
Հայկական Earlyone-ի հիմնադիրի հետ հանրային ծառայությունների միասնական գրասենյակում փորձարկում ենք, թե ինչպես է աշխատում համակարգը: Կարելի է տեսնել նաև, թե որտեղ է գրասենյակը: Եթե նույնիսկ ուշանում եք, կարող եք տեղեկացնել համակարգին:
Սպասում ենք մեր հերթին, իսկ մինչև այդ միանգամից կարելի է տեղում հերթագրվել, եթե շտապ լուծելու խնդիր կա: Հայկական ինովացիոն լուծումը պետք էր նաև հետպատերազմյան Արցախին: Մի քանի օրում Արցախ են հասցրել հայկական տեխնոմիտքը:
Արաքսյա Գրիգորյան, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական - Քաղաքացիները մտնում են, տեսնում են հերթագրման սարք է դրված, զգում են, որ ինչ-որ բան փոխված է:
Նպաստի, կենսաթոշակի համար սոցապ շտապող արցախցիների համար համակարգը դեռ նորություն է, բայց հերթերը համակարգում են, խնայում մարդկանց ապրելու ժամանակը: