Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ էր 98, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, դյուրացնել սոցիալական ծառայությունների մատուցումը:
Նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով 2021 թվականի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցպաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիման վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել Սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Գործող առաջարկով՝ առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա գործընթացն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ:
Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ բովանդակային առումով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը փոփոխության չի ենթարկվել: