Հայաստանի և Արցախի քաղաքացիների կյանքը, սոցիալական դրությունը մեղմելու հետ կապված նախագծեր քննարկում ենք. ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանություններն ինչ օրակարգ են քննարկում:
«Քննարկում ենք, թե ինչպիսին պետք է դառնա ՀՀ-ն և նաև Արցախի Հանրապետությունը: Քննարկում ենք դատաիրավական համակարգի բարեփոխումները: Ընդդիմության մոտ հարց է առաջանում Շուռնուխի և սահմանամերձ մյուս բնակավայրերի հետ կապված, ապա հիշեցնեմ՝ Շուռնուխի սահմանների հետ կապված իր քվեարկությամբ ժամանակին որոշում կայացրել է այդ թվում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Եթե կա դժգոհություն, ապա, կարծում եմ, որ ժամանակին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունեցել է հնարավորություն թե՛ բարձրաձայն արտահայտելու տեսակետը, թե՛ նաև փաստացի դեմ քվեարկելով արտահայտելու իր դիրքորոշումը: Ընդդիմությունը փորձում է տպավորություն թողնել, թե միայն իրենք են սրտացավ ՀՀ-ի, Արցախի Հանրապետության քաղաքացիներով, իսկ իշխանությունը՝ ոչ: Բոլորովին կասկածի տակ չդնելով ձեր սրտացավությունը, բարի դրսևորումները՝ եթե հարցեր են առաջանում, թե ինչ է անում իշխանությունը, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը առնվազն իր գծով ներկայացրեց բավականին ծավալուն աշխատանք, որի մի մասը նույնիսկ չներկայացրեց»,- ասաց Մակունցը:
Իշխող խմբակցության ղեկավարի կարծիքով՝ կառավարությունն ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ, ծրագրեր՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու համար: Անդրադառնալով նաև այս օրերին ՀՀ-ից հեռացողներին՝ նա ասաց. «Ուզում եմ հիշեցնել, որ մեկ տարի շարունակ ՀՀ շատ քաղաքացիներ, ինչպես նաև Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող անձինք, սպասում էին, որպեսզի սահմանները բացվեն, որ իրենք վերադառնան թե՛ իրենց աշխատանքին, թե՛ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Ի գիտություն. ՀՀ-ից կան մարդիկ, այո՛, ովքեր գնում են նաև իմ նշած նպատակներով, բայց նաև այդ ինքնաթիռները դատարկ չեն վերադառնում»,- ասաց Մակունցը: