Իշխող խմբակցությունը մտադրված է փոխել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը՝ արգելելով լրատվամիջոցներին տարածել անանուն աղբյուրներից նյութեր:
Փետրվարի 1-ից շրջանառության մեջ դրված նախագիծն արդեն քննադատության է արժանացել: Մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ այն հակասահմանադրական է: Նպատակն էլ լրատվամիջոցների գործունեությանը միջամտելն է, նրանց աշխատանքը խոչընդոտելը:
Այսօր խորհրդարանում նախաձեռնության հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը փորձեց հիմնավորել, թե ինչու են նման փոփոխության անհրաժեշտություն տեսնում:
Նախաձեռնողների առաջարկով՝ լրատվամիջոցներին արգելվելու է հղում կատարել համացանցային ցանկացած ալիքի, որի տնօրինողի տվյալները թաքցված են ընթերցողից: Հովհաննիսյանը կարծում է՝ այդպես կանխելու են նաև անհայտ ծագմամբ տելեգրամյան ալիքների գովազդը:
Փոփոխության անհրաժեշտությունը առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ տարբեր անհայտ ալիքներով կեղծ լուրեր էին տարածվում՝ նշում է պատգամավորը՝ պնդելով, որ այդպես չեն սահմանափակում լրատվամիջոցների՝ տեղեկատվություն տարածելու ազատությունը:
Հովհաննիսյանը, այդուհանդերձ, շեշտում է՝ մեկ ամսվա ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերից սպասելու են առաջարկների: