Վանում հերթական անգամ 15 օրով արգելվել են բոլոր տեսակի հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները, տեղեկացնում է ermenihaber-ը:
Եթե նախորդ անգամ տարածած հայտարարությունների մեջ արգելքը հիմնավորվում էր անվտանգության նկատառումներով՝ կապված քուրդ զինյալների հնարավոր գործողությունների կամ նրանց դեմ անցկացվող օպերացիաների հետ, այս անգամ պատճառաբանում են կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումները:
Մեկ այլ տեղեկության համաձայն, Թուրքիայում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալության թղթակից Իդրիս Սայըլղանին:
Լրագրողի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2015թ օգոստոս-2016 թ. մարտ ամիսների ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառումների համար: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» օգտին քարոզչություն իրականացնելու հարցով։