«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի խախտումներին, որոնք շարունակվում են՝ ռազմագերիներին չվերադարձնելով ու խոշտանգումների ենթարկելով:
«Մենք բարձրացնում ենք հարցը, որ տարածաշրջանում Ադրբեջանի վարքագիծը, վարձկանների տեղակայումը դիտարկվում են որպես ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին ուղղված վտանգ: ՀՀ-ը ակտիվ միջազգային գործընթացներ է սկսել: Երեկ միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակները՝ անկախ քաղաքական պատկանելությունից, խոսել են մեր երկրին հուզող բոլոր հարցերի մասին:
Պետք է շարժվել առաջ՝ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս շաբաթ քննարկվելու է Քրեական օրենսգրքում խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլուխը, որը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին: