Մեկնարկել է Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: Օրակարգում ընդգրկված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով նախագծերի փաթեթն արտահերթ նիստով քննարկման անհրաժեշտությանը, ասաց, որ այդ նախագիծն ավելի վաղ կարող էր ընդգրկվել օրակարգ:
«Ընդհանրապես, 1,5 տարի է՝ ինչ ես հիշում եմ, մենք քննարկում ենք դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը: Ասում ենք՝ համակարգը ծանրաբեռնված է, գործերի քննությունը երկար է տևում, ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ հիմա այդ հարցի լուծմանը մոտ են, և դրա համար էլ նախագիծը հրատապ է: Դատական համակարգում, կարծում եմ՝ ծանրաբեռնվածության հարցի լուծումը օրակարգային առաջնային է՝ նշեց արդարադատության նախարարը: