Արցախի կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել բնակչության հիփոթեքային, բիզնես, սպառողական վարկերն ու փոխառությունները: Ֆինանսական պարտավորությունների կատարման պետական աջակցության ծրագիրը քննարկել են նախագահականում: Ծրագրից օգտվելու համար Արցախում բնակվելու պայմանը պարտադիր է:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված հիփոթեքային վարկերի բոլոր վճարումները կփոխհատուցվեն: Քննարկված եղանակներից ամենահարմարը կառավարություն-բանկ գործակցությունը կլինի՝ համոզված է Արցախի ֆինանսների նախարարը:
Արցախի գործադիրը նախատեսում է ներել բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի տոկոսագումարները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Առաջիկա 6 ամսվա մայր գումարների վճարումները կբաշխվեն վարկի հետագա ժամկետի վրա:
Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն ստացած սպառողական վարկերը փոխհատուցել 3 տարի ժամկետով, մինչև 3 միլիոն դրամի հաշվարկով:
Ֆինանսական պարտավորությունների կատարման պետական աջակցության ծրագրի առանձին շահառուներ կլինեն պատերազմի հետևանքով զոհված և անհետ կորած քաղաքացիների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված ֆիզիկական և իրավաբանական աձինք: