Որպեսզի հերթում երկար չսպասեք ու խնայեք ժամանակը, Երևանի քաղաքապետարան դիմումներ ուղարկել ու արդեն նաև պատասխաններն ամբողջությամբ ստանալ հնարավոր է առցանց: Դրա համար պետք է մի քանի քայլ կատարել. մուտք գործել yerevan.am կայք, անցնել «Մեկ պատուհան» կամ «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինները, ընտրել դիմումի տեսակը, ներբեռնել ձևը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու ուղարկել նամակը:
«Այսուհետ քաղաքացիներն իրենց էլեկտրոնային նամակների վերաբերյալ կստանան երեք ծանուցում, առաջինը` դիմումը ներկայացնելու պահին, երկրորդը՝ վարույթ ընդունելու վերաբերյալ և երրորդը՝ դիմումի ավարտի մասին: Մինչ այդ նաև դիմումի ավարտի մասին կստանան sms հաղորդագրություն»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
«Քաղաքապետարանը խրախուսում է, որ բնակչությունը դիմի էլեկտրոնային եղանակով, և աստիճանաբար այն կավելացնենք»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Համբարյանը:
Քաղաքացիների համար էլեկտրոնային ծառայությունների ծավալն ավելացնելու և դրանցից օգտվելն առավել հարմարվետ դարձնելուն զուգահեռ՝ քաղաքապետարանը նաև ներքին գրագրությունն ու թղթաբանությունն է նվազեցրել:
«Քաղաքապետի կողմից կա մոտեցում՝ ներքին փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս թվայնացնելու»,- ասում է Դավիթ Համբարյանը:
Եթե 2018 թ. Երևանի քաղաքապետարանն ստացել էր ընդամենը 2600 էլեկտրոնային դիմում, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 4100, իսկ 2020-ին արդեն՝ 13600, ինչն ընդհանուր նամակների թվի մոտ 5-6 տոկոսն է:
«Աճի տեմպերը վկայում են, որ կա միտում՝ տեղափոխվելու թվային դաշտ, որն ավելի հեշտացնում և արագացնում է պատասխանների տրամադրումը»,- նկատում Դավիթ Համբարյանը:
Քաղաքային իշխանությունը մտադիր է հետագայում թվայնացնել բոլոր ծառայությունները: Նպատակը մեծ է, անելիքները՝ շատ: Մինչ այդ այս տարի բնակիչներին հասանելի կդառնա ևս մի քանի նոր ծառայություն:
«Այս տարի մենք նախատեսում ենք ամբողջությամբ վերափոխել www.yerevan.am կայքը՝ թե՛ դիզայնի, թե՛ ներքին աշխատանքի առումով: Բացի այդ, կհայտնվեն բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնց համար նախկինում քաղաքացիները ստիպված էին դիմել վարչական շրջանների աշխատակազմեր կամ քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներ, ինչպես, օրինակ, ալկոհոլի կամ հանրային սննդի լիցենզիայի համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:
Էլեկտրոնային ծառայությունները թեև 2020-ին առավել արդիական դարձան համավարակով պայմանավորված սահմանափակումներով, բայց շատերը դեռևս նախընտրում են հենց այդ տարբերակը՝ խուսափելով հերթերից ու ժամանակն ավելորդ վատնելուց: