ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը խորհրդարանում ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:
Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության բնագավառում Կառավարությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:
«Գործող կարգավորումներով 2021 թվականի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցպաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիման վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել Սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Գործող առաջարկով՝ առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա գործընթացն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ»,- նշեց Առաքելյանը: