ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը և Սերգեյ Բագրատյանը փետրվարի 2-ին հանդիպել են Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի, դատավորի թեկնածուներ Արմեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի հետ: Այս մասին հայտնում են խորհրդարանից:
Հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել դատաիրավական բարեփոխումների, ազատ դատարաններ ունենալու խնդիրների և հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները կարևորել են անկախ դատական համակարգ ունենալու անհրաժեշտությունը, մտքեր փոխանակել դատարանների ծանրաբեռնվածության թոթափման ուղղությամբ անհրաժեշտ գործիքակազմի ստեղծման և Վճռաբեկ դատարանի գործունեության հաշվետվողականության, հասարակության հետ հետադարձ կապի անհրաժեշտության մասին:
Անկախ պատգամավորները լսել են Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուներին, հարցեր ուղղել ոլորտային խնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ թեկնածուների ունեցած տեսլականի վերաբերյալ: