ԱԺ-ում քննարկվում է Կռավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրում:
«Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ լինեն, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Օրինակ՝ խուզարկության սանցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»,- ասաց Բադասյանը:
Հիշեցնենք, որ նախարարը նաև երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ, հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները, քրեական գործերի ավելի քիչ ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն Երևանի, առաջարկում են, որ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորներ՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, մասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով: