Դատարանը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման: Դատարանը չեղյալ է հայտարարել Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն իրական ժամկետով:
Ավելի վաղ Նավալնին կարողացել էր երեք անգամ խուսափել պայմանական պատիժը իրականով փոխարինելուց: Որոշումից հետո Մոսկվայում, հաջակցություն Նավալնիի, ցույցեր են սկսվել: Հարյուրավոր մարդկանց ոստիկանությունը բերման է ենթարկել:
Դատարանի որոշումից հետո միջազգային կառույցներն ու աշխարհի առաջնորդները Մոսկվայից պահանջել են ազատել ընդդիմադիր գործչին: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին. Բորելը հիշեցրել է, որ սա հակասում է ՄԻԵԴ-ի վճռին, որն այդ գործն անհիմն է ճանաչել:
Կոչեր են հնչել Սպիտակ տնից: Ֆրանսիայի առաջնորդն էլ Թվիթերում գրել է, որ քաղաքական տարաձայնությունները հանցագործություն չեն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն Ալեքսեյ Նավալնիի դեմ քրեական գործ էր հարուցել առանձնապես խոշոր չափի խարդախության մասին հոդվածով: