Ձմռան երկրորդ ամսին ձյան առատ տեղումների ու ձնամրրիկի փոխարեն Եվրոպան հայտնվել է հորդառատ անձրևների թիրախում:
Երկարատև անձրևների հետևանքով ջրհեղեղներ են սկսվել Ֆրանսիայի մի քանի շրջանում: Սենան վարարել է ու, հունից դուրս գալով, ողողել է փարիզյան ափերը: Գետի ջրի մակարդակն արդեն բարձրացել է 4,20 մ-ով և շարունակում է աճել: Երկրի հյուսիսում ջրհեղեղի զոհ է դարձել 70-ամյա մի տղամարդ՝ հաղորդում է euronews-ը:
Վերջին երկու ամսվա ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքի մի շարք քաղաքներում տները չորրորդ անգամ են հայտնվում ջրի մեջ:
Գերմանիայում էլ հորդառատ անձրևներն ու անսովոր տաք եղանակից հալչող ձյունը հունից հանել են Հռենոսը:
Ջրհեղեղներ են նաև Թուրքիայում: Երկրի արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է Իզմիրի կենտրոնական մի քանի թաղամաս: Բնական աղետի զոհ է դարձել երկու քաղաքացի, վնասվել են տներ, քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայում առատ ձյուն է տեղացել և առաջացրել երթևեկության հետ կապված խնդիրներ ու խանգարել պատվաստումների անցկացմանը:
Իսկ Փենսիլվանիայում 135-րդ անգամ անցկացված Արջամկան օրվա արարողության ժամանակ չորքոտանին կանխատեսել է ցուրտ եղանակ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում: