Ազգային ժողովում, Կառավարության նախաձեռնությամբ, այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Մինչ այդ՝ խորհրդարանի դիմաց, «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ հայտարարելով, թե այս պահին ավելի կարևոր անելիքներ կան, քան արտահերթ նիստի հրավիրումն է:
Ակցիայի մասնակիցները հայտարարում էին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը իրավունք չունի գտնվելու ԱԺ շենքում: Ակցիայի մասնակիցները ուսապարկեր ու «դավաճան» գրությամբ թղթեր են նետել ԱԺ բակ:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ երկրի բոլոր կարևոր հիմնախնդիրները թողած՝ երկրի իշխանությունները մեկ տարի առաջ Սահմանադրական դատարան էին ուզում ձևավորել, հիմա էլ նույնն է, կարևոր խնդիրները թողած՝ այլ բանով են զբաղված:
«Դրա համար է այս բողոքի գործողությունը տեղի ունենում»,- հայտարարեց Մանուկյանը:
Մանուկյանը:
«Գումարած դրան՝ այստեղ կանգնած ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս շենքում հավաքված պատգամավորների մի ճնշող մեծամասնություն, որն ունի ցուցանակ՝ «Իմ քայլը» անունով, ամեն օր խայտառակում է մեր ժողովրդին, ամեն օր խայտառակում է մեր երկիրը, հայության քաղաքական միտքը, որովհետև օր չկա, որ «Իմ քայլի» որևէ պատգամավոր հիմարություն դուրս չտա, որևէ պատգամավոր խայտառակ հայտարարություն չանի, որևէ պատգամավոր հերթական անգամ վտանգի տակ չդնի մեր անվտանգությունը: Երեկ Անուշ Բեղլոյանի հարցն էր, գիշերը մեկ ուրիշի ապուշ արտահայտությունն էր, որը հերթական անգամ փորձ էր անում հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դավաճանական ձևակերպումը Շուշիի մասին մեկ ավելի հիմարությամբ, փորձում էր հիմնավորել՝ այո՛, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Ամեն օր սա տեղի է ունենում»,- հայտարարեց Մանուկյանը:
Մանուկյանի հայտարարեց՝ հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարան է բերվել 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է, որ կարևոր չէ, թե Արցախն ում հողն է:
Գեղամ Մանուկյանը նշեց, որ սա միայն «Հայրենիքի փրկության շարժման» խնդիրը չէ, ամեն արժանապատվություն ունեցող քաղաքացի պետք է իր բողոքն արտահայտի: