Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն ազգային անվտանգության կարևորություն. ԱԺ իր ելույթում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հավելելով՝ իր կարծիքով՝ պետության ինքնիշխանությունը, պետականությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս փոփոխությունները խիստ կարևոր են:
«ԲԴԽ-ին վերապահել այս դատավորների ընտրությունը՝ խնդրահարույց է: Սա՝ հայտնի պատճառներով. մենք այդ խորհրդից առնվազն ակնկալում էինք կոնկրետ դիրքորոշում նոյեմբերի 15-ին այդ խորհրդի նախագահի կողմից հնչեցված մարտակոչի վերաբերյալ: Այդ խորհուրդը ծպտուն չի հանել: Ուստի կարելի է ենթադրել՝ ինչ է լինելու այս նախագծի ճակատագիրը: Ձեր իշխանության ապաշնորհության պատճառով, մարդը, ում իշխանության օրոք Հայաստանը ինքնիշխան պետությունից դարձել է վասալություն, այսօր պատերազմ է հայտարարել ՀՀ քաղաքացուն, իշխանությանը և սպառնում է մասնակցել այդ ընտրություններին և «կռել» այդ ընտրություններին:
2008-ին փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի բանակը Երևանի կենտրոն բերել, մարդկանց սպանել, խաղաղ ցուցարարներին սպանել, դրանից հետո թույլ տալ, որ մարդը հոխորտա ու խոսի բանակի նկատմամբ հանցագործությունների մասին: Մարդը, ում օրոք ամենաշատ քաղաքական սպանություններն ու բանտարկություններն են տեղի ունեցել, էսօր ժողովրդավարությանը տրակտատներ է ձոնում:
Կարծում եմ՝ դատական համակարգը հիմնարար բարեփոխումների կարիք ունի: Մաքուր ջուրը խառնելով ցեխաջրի հետ՝ հնարավոր չէ վերջում մաքուր ջուր ստանալ: Եթե մինչև արտահերթ ընտրությունները չկարողանանք դատական համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել, ուրեմն այդ ընտրությունները նույնպես տապալված են»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը: