ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում:
Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդեռլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։
Նախարար Քերոբյանը ողջունել է Երևանում Նիդեռլանդների դեսպանության բացումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես, մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։
Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդեռլանդական ընկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ:
Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը կնպաստեն հայ-նիդեռլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։