Ես ուղիղ կապի մեջ էի ԵԽԽՎ բյուրոյի մի քանի անդամների հետ, ու իրենք շատ անհարմար էին զգում, որ չեն կարող այդ հարցն օրակարգ մտցնել մի քանի պատճառներով՝ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ռազմագերիների հարցը չդարձավ ԵԽԽՎ նստաշրջանի ընթացիկ քննարկման թեմա:
«Պարոն Մարուքյանի հետ նաև քաղաքական խմբում ենք մասնակցել, այնտեղ կատեգորիկ ենք դրել այդ հարցը: Մենք դեմ չենք որևէ քաղաքական կամ ոչ քաղաքական մարդու ազատ արձակմանը, բայց ես այնտեղ ներկայացրեցի, որ Նավալնին ընդամենը մեկ բանտարկյալ է, և ինքը իր Ֆեյսբուքում նշել է, որ իր պայմանները այդքան էլ վատը չեն, իսկ մենք ասում էինք՝ այնտեղ կան հարյուրավոր երիտասարդներ՝ իրենց պարտքը կատարած մարդիկ, որոնց ճակատագիրն անհայտ է. սա է պատճառը, որ այս հարցն անպայման ուշադրության տակ լինի: Խոսքը գնում է գերիների մասին. բոլորը համաձայն էին»,- ասաց Իգիթյանը:
Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ-ում մթնոլորտը ստեղծվում է նաև Հայաստանից եկած տեղեկությունների հիման վրա: Իգիթյանը, դիմելով լրագրողներին, ասաց, որ նրանք են ստեղծում այստեղի մթնոլորտը: Իգիթյանի խոսքով՝ Հայաստանից գալիս էր ապատեղեկատվական ցունամի, արդյունքում՝ գերիների հարցն այդ աղմուկի մեջ կորչում էր: Ասաց՝ մարդիկ իրենց ուրիշ հարցեր էին տալիս, հարցնում էին քաղաքական իրավիճակից, նոր ընտրություններից: «Նավալնիի հարցը մտավ օրակարգ, քանի որ այն տեղեկատվությունը, որ Ռուսաստանից դուրս էր գալիս, ավելի մեծ էր, քան այն, ինչ Հայաստանից էր գալիս»,- ասաց Իգիթյանը:
Հարցին՝ արդյոք ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության աշխատանքն արդյունավե՞տ է գնահատում, Իգիթյանը նշեց. «Նման կազմակերպություններում հաջողությունն ու անհաջողությունը գնահատվում են ստեղծված մթնոլորտով: Բացի մեկ-երկու երկրների փոքրաթիվ պատվիրակություններից, մյուսներն այս հարցում հակաադրբեջանական են տրամադրված: Այսինքն՝ նրանք կարծում են, որ Ադրբեջանը խախտել է իր պայմանավորվածությունները, օգտագործել է ռազմական ուժ: Այս մթնոլորտը կարևոր է, որը մենք պետք է հասցնենք կապիտալիզացիայի»: