Ֆրանսիայում երեկոյան 18.00-ից պարետային ժամ է գործում՝ փակվում են սրճարանները, ռեստորանները, ժամանցի կենտրոնները: Ոստիկաններն այդ ժամից սկսած շրջում են քաղաքներով՝ խախտումներ և ապօրինի գործող կառույցներ բացահայտելու նպատակով: Վերջին օրերին իրավապահները հարյուրավոր ապօրինի գործող ռեստորաններ են բացահայտել: Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները դժգոհության ալիք են բարձրացրել: Բրյուսելում բողոքի ակցիաներն ավարտվել են ձերբակալություններով: Միայն երեկ բերման է ենթարկել 300 մարդ: Բելգիայում ռեստորանները, բարերը, սրճարանները, մարզադահլիճները, վարսավիրանոցներն ու զվարճանքի բոլոր կենտրոնները փակ են լինելու առնվազն մինչև փետրվարի 14-ը: Բողոքի ցույցերը շարունակվում են նաև Նիդեռլանդներում: Բողոքի ալիքն այստեղ սկսվել է դեռ դեկտեմբերի կեսերից: