ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին խոսեց գիտության կարևորության և աշխարհի գիտատեխնիկական առաջընթացի մասին:
«Տարբեր գնահատականներով՝ 21-րդ դարում գիտատեխնիկական առաջընթացը 1000 անգամ գերազանցում է 20-րդ դարում տեղի ունեցած ամբողջ նվաճումներն ու առաջընթացը: Աշխարհի տասնյակ առաջատար ու ֆինանսապես հարուստ ընկերություններն այլևս նավթագազային ընկերությունները չեն, այլ այն ընկերությունները, որոնք արբանյակներ են բարձրացնում տիեզերք, որոնք տեխնոլոգիաներ են տրամադրում մարդկանց սոցիալական շփումների համար, այն ընկերություններն են, որոնք զբաղվում են նյութագիտությամբ, ֆիզիկայով, աստղաֆիզիկայով»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջնահերթությունները պետք է վերանայվեն, կարիք կա շատ ավելի լուրջ ինստիտուցիոնալ կոորդինացիայի:
Արշակյանի խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի ինստիտուցիոնալ գիտական զարգացումը տարբեր ուղղություններով՝ սկսած ֆիզիկայից, մաթեմատիկայից, աստղաֆիզիկայից, նյութագիտությունից, քիմիայից, կենսաքիմիայից:
«Այս ուղղություններով գիտական աշխատանքների կտրուկ և համակարգված աշխատանքի կարիք կա: Եվ այս առումով անփոխարինելի է ակադեմիայի գիտական մտքի և կոորդինացիայի կարողությունների դերը: Այսպիսով՝ մենք կարիք ունենք այստեղ ուժեղացման, հզորացման և կարևորությունների, առաջնահերթությունների վերհանման»,- ասաց Արշակյանը:
Հակառակորդ երկրի կողմից ամեն օր խեղաթյուրվող պատմության, քարտեզների և այլ ոլորտներում կատարած աշխատանքին հակադարձելու և այդ ոլորտներում մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտություն կա այդ ուղղություններով ավելի համակարգված աշխատանք տանել՝ նշեց ԲՏԱ նախարարը:
Անդրադառնալով ռազմարդյունաբերությանը՝ նախարարը նշեց, որ վերջին երկու տարիներին 2.5 անգամ ավելացել է գիտահետազոտական և փորձակոնսուլտորական աշխատանքների համար նախատեսված գումարների չափը: Նորարարական և կրթական դրամաշնորհների ֆինանսավորումը ավելացվել է շուրջ 4 անգամ:
«Հատկապես ռադիոինժեներության, այդ թվում՝ ծրագրային-ալգորիթմական, սարքաշինության ուղղություններով, ինչպես նաև ռադարների, կապի համակարգերի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, այլ ալգորիթների ուղղություններով մենք իսկապես ունենք ուժեղ ներուժ, որն անհրաժեշտաբար օգտագործում ենք ռազմական արդյունաբերության ուղղություններով: Արհեստական բանականության կիրառումը, կիբեռանվտանգության համակարգային մոտեցումների ուղղություններով նույնպես ակտիվ աշխատանքներ են տարվում»,- ասաց Արշակյանը: