Մյանմայի բանակը երկուշաբթի վաղ առավոտյան հեղաշրջման միջոցով իր ձեռքն է վերցրել իշխանությունը և հայտարարել արտակարգ դրություն: Ձերբակալվել են երկրի նախագահն ու կառավարության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է փոխնախագահ Մյոնթ Սվեն, բայց Մյանմայի ամբողջ իշխանությունն անցել է հեղաշրջում իրականացրած գեներալ Մին Աունգ Հլայնին:
Երկիրն այսօր արթնացել է կապի զանգվածային անջատումների, փակ բանկերի և պարեկություն անող զինծառայողների պայմաններում: Բնակչությունը կարող է տեսնել միայն ռազմական հեռուստաալիքի հաղորդումները՝ հայտնում է cnn-ը:
Մյանմայի զինվորականները հայտարարել են, որ երկրում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի մեկ տարի: Նրանք բացատրել են, որ նման քայլի պատճառը 2020 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում թույլ տրված կեղծիքներն են, որոնց արդյունքում իշխող կուսակցությունը հաղթող ճանաչվեց:
Վաշինգտոնը կոչ է արել ազատ արձակել երկրի ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին: