2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից՝ տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։
Բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզի կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման գործընթաց՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։
Քաղաքացու կարիքների գնահատման գործընթացը նախարարության առաջնահերթություններից է»,- հայտնում են նախարարությունից։