Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը խորհրդարանական լսումների ժամանակ նշեց, որ գիտության ոլորտում բարեփոխումների համար ակնհայտորեն անհրաժեշտ են լուրջ ներդրումներ: Բարեփոխումների իրականացման համար առաջնային խնդիրներից է գիտնականների ծերացող համայնքը:
«Գիտական ղեկավար պաշտոն զբաղեցնողների 48,3 տոկոսը 65 տարեկանից բարձր տարիքի է: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում ռիսկային խումբ է համարվում: Համայնքի պահպանման համար պետք է կարողանանք ներգրավել կոմպետենտ երիտասարդներ»,- նշեց Հայոցյանը՝ հավելելով, որ նախորդ տարի ստեղծվել են երիտասարդ գիտնականներով 25 նոր խմբեր, ինչը, սակայն, դեռ քիչ է:
Ոլորտի խնդիրներից են գիտական ենթակառուցվածքների մասնատվածությունն ու մաշվածությունը: Հետազոտություն իրականացնող 71 կազմակերպություններից 57-ի գիտաշխատողների թվաքանակը ցածր է 100-ից: Ըստ Հայոցյանի՝ խնդրի լուծման համար պարտադիր է գնալ գիտական հիմնարկների խոշորացման: