Պատերազմի 10-րդ օրը ռազմաճակատ մեկնեց Մովսես վարդապետ Սարգսյանը։ Եկեղեցականը կռվի բոթն առել էր Հնդկաստանում, որտեղ հոգևոր ծառայություն էր իրականացնում Կալկաթայի Հայոց մարդասիրական վարժարանում։ Հնդկաստան մեկնելուց առաջ էլ ծառայել է բանակում․ լավ գիտի թե՛ հոգևորականի, թե՛ զինվորականի գործը։ Կասկած չի ունեցել՝ ռազմաճակատը նաև ի՛ր կարիքն ուներ։ Հոկտեմբերի 7-ին արդեն զինվորների կողքին էր։
Մովսես վարդապետ Սարգսյան - Մեզ ամեն տեղ մեծ ուրախությամբ են ընդունել։ Ինքս մի տեղում չեմ եղել, պարբերաբար այցելել եմ գնդերեցներին, տարբեր ուղղություններով գնացել-տեսել եմ, օգնություն առաջարկել։ Բացի մեր ներկայությունը, նաև նյութական միջոցներ էլ ենք տրամադրել:
Որտեղ ցավ ու հուսահատություն, հոգևոր խոսքի և գոտեպնդման կարիք է եղել՝ հոգևորականը հասել է։ Եղել են դեպքեր, երբ հրետակոծության ժամանակ՝ թաքստոցներում պատսպարվելիս, զինվորները Մովսես վարդապետին խնդրել են միասին աղոթել։
Մովսես վարդապետ Սարգսյան - Պատերազմական իրավիճակներում զինվորները հոգևորականների մեջ տեսնում են Աստծո զորությունը և իրենք իրենց ապահով են զգում հոգևորականի ներկայությամբ։ Այսինքն՝ եթե հոգևորականը մեր հետ է, ուրեմն՝ Աստված մեր հետ է, հետևաբար, վախենալու կարիք չկա, պետք է համարձակ գործել։
Սրբազան հոր հետ պատերազմ է մեկնել նաև գնդերեց Էդգար սարկավագը։ Մինչև սքեմ կրելը ծառայել է հայոց բանակում։ Զինվորական երկու տարին եկեղեցականին սովորեցրել է զենք կիրառել, օգնել է հասկանալ բանակի կառուցվածքն ու արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում։ Ասում է՝ այդքանն իմանալով՝ չէր կարող չզինվորագրվել։ Հոգևորականները տեղից տեղ են անցել․ զենքով՝ կռվի մեջ, խաչով՝ թիկունքում ու խրամատում։
Էդգար սարկավագ Օհանյան - Բազմաթիվ են դեպքերը, երբ զինվորներն ընկճված են եղել՝ ընկերներ, հարազատներ են կորցրել, մենք աշխատել ենք այդ զինվորականների հետ, եղել են դեպքեր, երբ ուզել են մկրտվել, խոստովանվել։
Մկրտությունները կազմակերպել են կարճատև դադարների ժամանակ։ Հաղորդության կարիք ունեցողներն այնքան շատ են եղել, որ Հայաստանի և սփյուռքի թեմերից քահանաների նոր բանակ է ուղարկվել: Հրետակոծությունները չեն խանգարել, որ հոգևոր արարողություններ լինեն նաև պատերազմի օրերին։ Կարճատև դադարներից մեկի ընթացքում, երբ զինվորները Մարտակերտի գյուղերից մեկում շունչ քաշելիս են եղել, մասնակից են դարձել գյուղի եկեղեցու խաչի օծման արարողությանը։ Աստծո ներկայությունն այդ ամբողջ ընթացքում զգացել են՝ թշնամու տևական լռությամբ։
Մովսես վարդապետ Սարգսյան - Զորքն այդտեղ հանգստանում էր՝ եկեղեցու մոտ, և մենք այդ եկեղեցու խաչը օծեցինք. պատրաստել էին, բայց չէին հասցրել օծել, մենք արեցինք։
Իրենց մասին քիչ են խոսում, ասելիքն ավելի շատ ուղղված է զինվորի ոգուն և սխրանքներին։ Կռվողները մեր ազգի փաղանգն են՝ ասում է հայր սուրբը։ Հոսպիտալում գտնվող զինվորներից մեկի աչքերի փայլն էլ չի մոռանում Էդգար սարկավագը։ Ասում է՝ վիրավոր մարմնով, բայց ժպիտը դեմքին խնդրում էր իրեն հետ ուղարկել առաջնագիծ։
Էդգար սարկավագ Օհանյան - Նույնիսկ տուն չէր զանգում, որ ասեր՝ վիրավոր եմ, անընդհատ ուզում էր ասկոլկեքը շուտ հանեին, որ վերադառնար շարք։
Մի՝ ձեռքում խաչ, մյուսում՝ զենք, կռվեցին մինչև պատերազմի վերջին օրը։ Քարվաճառը ադրբեջանցիների հսկողության տակ անցնելուց հետո էլ, հերթափոխով, հոգևոր ծառայության անցան Դադիվանքում։ Այսօր արդեն Մայրավանքում են։ Եղածը եղած է՝ ասում են։ Պետք է դասեր քաղել, միաբանվել ու պայքարել հանուն երկարատև խաղաղության։