Ռուսաստանի մի շարք քաղաքներում երեկ չարտոնված ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են բերման ենթարկվել: Բողոքի ակցիաները Ռուսաստանում անցկացվում են՝ հաջակցություն կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի: Չարտոնված ակցիայի ժամանակ ձերբակալվել է նաև ԶԼՄ-ների ավելի քան 35 աշխատակից. նրանց մեծ մասը, սակայն, ազատ է արձակվել փաստաթղթերի ստուգումից հետո: Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել և կալանավորվել էր հունվարի 17-ին Գերմանիայից Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո։
Վաղը Մոսկվայում պետք է կայանա Նավալնիի դեմ հերթական դատավարությունը: Մեղադրող կողմը պահանջում է պայմանականի փոխարեն իրական ազատազրկում Նավալնիի համար: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար հոդվածով։
Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերին: Վաշինգտոնից հայտարարություններ էին հնչել՝ ի պաշտպանություն Ռուսաստանում անցկացվող անօրինական ցույցերի: Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից օրենքի խախտմանն աջակցելը ևս մեկ անգամ հաստատում է Վաշինգտոնի կուլիսյան դերակատարությունը: