Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված երաժշտական նոր գործիքները՝ Yamaha ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:
Գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության Grassroots դրամաշնորհային ծրագրով:
Ծրագիրն իրականացվել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում:
Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ) և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա):
Համերգի ծրագրում՝ Մոցարտ՝ Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 Jeunehomme, Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար: